Դատարանը կողմ է զբոսաշրջիկներին մարիխուանայի վաճառքի արգելքին

Դատարան էին դիմել սրճախանութների տերերը, որոնք գումար են վաստակում թեթև թմրանյութերի վաճառքից։ Նրանք փորձել էին վիճարկել օրենքը՝ այն համարելով խտրականություն օտարերկրյա զբոսաշրջիկների նկատամամբ, քանի որ ապագայում մարիխուանա գնելու իրավունք կունենան միայն Նիդեռլանդների քաղաքացիները։

Ձեռնարկատերերի փաստաբանը հայտարարել է, որ նրանք մտադիր են անհապաղ բողոքարկել որոշումը։ Վերջին հաշվով, նրանք պատրաստ են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Վերոնշյալ օրենքը պետք է ուժի մեջ մտնի Նիդեռլանդների հարավային երեք նահանգում արդեն այս մայիսին։ Մինչև 2012թ. վերջը այն կտարածվի երկրի մնացած հատվածի վրա։ Անցյալ տարվա նոյեմբերին Մաաստրիխտում արդեն սահմանվել էր արգելք բոլոր երկրների (բացի Բելգիայի և Գերմանիայի) զբոսաշրջիկների՝ սրճախանութներ այցելելու նկատմամբ։

Նիդեռլանդներում ընդհանուր առմամբ գործում է մոտ 700 սրճախանութ, որոնցում մեկ գնորդին կարելի է վաճառել մինչև հինգ գրամ մարիխուանա։ Եթե սրճախանութները նոր կանոններին չենթարկվեն, կարող են հայտնվել փակվելու վտանգի առջև։

Զբոսաշրջիկների՝ սրճախանութներ այցելությունն արգելելու մասին որոշումը Նիդեռլանդների խորհրդարանում նախաձեռնել էին պահպանողականները։ Այս օրենքին դեմ են ոչ միայն սրճախանութների տերերը, այլև քաղաքական որոշ գործիչներ։ Մասնավորապես՝ Ամստերդամի քաղաքապետ Էբերհարդ վան դեր Լաանը մտավախություն ունի, որ քաղաքը կկորցնի իր ժողովրդականությունը օտարերկրացիների շրջանում, քանի որ զբոսաշրջիկների 1/3-ը քաղաք է այցելում միայն հանուն թեթև թմրանյութերի։