Մեկնարկում է Բեռլինյան բիենալեն

Գերմանիայում այսօր բացվում է ժամանակակից արվեստի 7-րդ Բեռլինյան բիենալեն: Ըստ կազմակերպիչների`ցուցահանդեսին մասնակցում են նկարիչներ, «չնկարիչներ և նախագծեր»: Բեռլինյան բիենալեն հիմնադրվել է 1998-ին և նպատակ ունի ներկայացնելու երիտասարդ, հանրությանը քիչ ծանոթ նկարիչների, դառնալու տարատեսակ քննարկումների ֆորում: Բիենալեի համադրող լեհ նկարիչ Արթուր Ժմիևսկին ցանկություն է հատնել, որ այս տարվա ցուցահանդեսը վերածվի «քաղաքական հարթակի, որն ավելի նման կլինի խորհրդարանի, քան ցուցահանդեսի»:

«Մոռանալ վախի մասին» խորագրով բիենալեի հիմնական թեմաները Հոլոքոստն ու պաղեստինյան տարածքների հարցն է: Լեհ Լուկաշ Սուրովեցը նացիստական խոշորագույն համակենտրոնացման ճամբար Աուշվից-Բիրկենաուից (Օսվենցիմ) 320 երիտասարդ կեչի է բերել և տնկել Բեռլինի շրջակայքում. «կենդանի հուշարձանը», ըստ հեղինակի, խորհրդանշում է Հոլոքոստի զոհերին:

Բիենալեի գլխավոր հարթակում`Kunstwerke ժամանակակից արվեստի ինստիտուտում, առաջին հարկն ամբողջովին տրամադրվել է Occupy շարժմանը: Երկրորդ հարկում Breaking the News տեսասրահն է, ուր մեծ էկրանների վրա ներկայացված են գեղարվեստական ակցիոնիզմի և ակտիվիզմի տարբեր ձևեր: Իսկ Ֆրիդրիխշտրասեում նկարչուհի Նադա Փրլիան իրականացրել է իր սադրիչ գաղափարը` հարուստների ու աղքատների միջև ընկած պատնեշը խորհրդանշող իրական պատ վեր խոյացնելով փողոցի մեջտեղում: Բիենալեի ընթացքում կներկայացվեն նաև բեմադրություններ և պատմական բեմականացումներ: Արթուր Ժմիևսկու պնդմամբ` նախագիծն առաջին անգամ անվճար կլինի այցելուների համար:

Մեկնաբանել