Խաղաղություն բանտարկյալների դիմաց․ Մահմուդ Աբասի պայմանը Իսրայելին

Այսպիսի հայտարարություն է արել Պաղեստինյան Ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը, հաղորդում է պաղեստինյան «Ուաֆա» գործակալությունը։ Նա պահանջել է Իսրայելի բանտերից ազատ արձակել պաղեստինցի բանտարկյալներին՝ հատկապես նրանց, որոնք ձերբակալվել են մինչ 1993թ. Իսրայելի և Պաղեստինի միջև Օսլոյի խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Աբասի խոսքով՝ այս հարցը պաղեստինյան ղեկավարության համար առաջնահերթ է։

Ավելի վաղ պաղեստինյան «Համաս» խմբավորման պաշտոնական կայքում հաղորդագրություն էր տեղադրվել, ըստ որի՝ այս գիշեր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Աբասը և խմբավորման քաղաքական թևի առաջնորդ Խալիդ Մաշալը քննարկել են իսրայելական բանտերում հացադուլ հայտարարած բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրման հարցը։

Հիշեցնենք, որ արդեն տասը օր է՝ իսրայելական բանտերում գտնվող պաղեստինցի ավելի քան 1600 բանտարկյալներ, որոնք «ֆաթհ», «Համաս» և այլ խմբավորումների անդամ են, հացադուլ են հայտարարել։ Նրանք Իսրայելի իշխանություններից պահանջում են չեղյալ հայտարարել վարչական կալանքը, որը թույլ է տալիս պաղեստինցներին երկար ժամանակ և առանց մեղադրանքի առաջադրման պահել բանտերում։ Բացի այդ՝ բանտարկյալները պահանջում են իրենց հարազատների հետ հանդիպման թույլտվություն և միջնակարգ ու բարձարագույն կրթություն ստանալու հնարավորություն։

Մեկնաբանել