Ռումինիայում կներկայացվի հայկական մշակույթը

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է Ռումինիայի մշակույթի և ազգային ժառանգության նախարար Հունոր Կելեմենին, որը Հայաստան է ժամանել ` Հայ գրատպության 500-ամյակին և «Երևանը` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակներում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, նախարարներն անդրադարձել են 2012-2013 թթ. համագործակցության խնդիրներին` հստակեցնելով առաջնայնությունները, որոնց շարքում դիտարկել են Ռումինիայում անցկացվելիք հայ-ռումինական պատմամշակութային կապերին նվիրված միջազգային գիտաժողովի, Բուխարեստի արվեստի ազգային թանգարանում հայ-ռումինահայ արվեստը և մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցահանդեսի անցկացման, Ռումինիայում հայոց ներկայության մասին  պատմող համատեղ վավերագրական ֆիլմի ստեղծման ու  հայ-ռումինական առնչություններին  նվիրված հրատարակության խնդիրները: Հասմիկ Պողոսյանի առաջարկով քննարկվել է նաև Բուդապեշտի պատմության թանգարանում «Հայկական գրքի մշակույթը Կարպատյան ավազանում» ցուցահանդեսի կազմակերպման խնդիրը:

Հունոր Կելեմենը թեև առաջին անգամ է Հայաստանում, սակայն ասել է, որ լավագույնս ծանոթ է թե’ ռումինահայ համայնքին, և թե’   իր երկրում առկա հայկական մշակութային ժառանգությանը: Նա նաև հավելել է, որ պատրաստվում են սեպտեմբերի 21-ին Բուխարեստի Կարլ Ա-ի անվան կենտրոնական գրադարանում հայ գրքին և գրատպությանը նվիրված ցուցահանդես կազմակերպել:

Նախարարները նաև անդրադարձել են Հայաստանում նախատեսվող միջոցառումներին, այդ թվում` աշնանը Երևանում կազմակերպվող ռումինահայ հանրաճանաչ նկարիչ Միկլոշ Յակոբովիչի անհատական ցուցահանդեսի կազմակերպմանը: