Օրեցօր իրավիճակը փոխվում է. Լևոն Զուրաբյան

Դեռ շուտ է ընտրարշավին գնահատականներ տալ և դեռ շուտ է ասել, որ ինչ-որ կերպ ընտրարշավն ընթացել է, որովհետև օրեցօր իրավիճակը փոխվում է: Այսպիսի տեսակետ հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով ՍիվիլՆեթ-ի՝ քարոզարշավին գնահատական տալու հարցադրմանը:

«Ընդհանրապես, քարոզարշավներին հատուկ է, որ ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան շուտ է փոխվում իրավիճակը: Հատկապես Հայաստանում, որտեղ ժողովուրդն ընդհանրապես սովոր չէ, որ հեռուստատեսությունները բացվում են, որ ընդդիմադիր գործիչներին հնարավորություն է տրվում խոսել»,- ասաց նա՝ նշելով, թե մարդիկ «ընդհանարպես մի քիչ ահաբեկված, մի քիչ հուսահատված, մի քիչ անտարբեր վիճակում են»:

Զուրաբյանի խոսքով՝ նման հասարակություններում սովորաբար ընտրարշավի հիմնական իրադարձությունները կատարվում են վերջին օրերին : «Մենք տեսնում ենք, որ կամաց-կամաց ժողովուրդն այդ նիրհից դուրս է գալիս, նորից ինչ-որ չափով լցվում է հույսով, հավատով և վճռականությամբ՝ փոխելու իրավիճակը»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք հեռուստատեսությունների կողմից խտրական վերաբերմունք զգացե՞լ են իրենց նկատմամբ, Զուրաբյանը պատասխանեց. «Իհարկե, զգացել ենք: Խոսքն այդքան չի վերաբերում հեռուստատեսությանը, ինչքան պետական ապարատի տոտալիտար վերահսկողությանը ժողովրդի նկատմամբ: Ամեն կերպ փորձում են ազդել մեր հանրահավաքներին՝ մարդաշատությունը սահմանափկելու ուղղությամբ, ամեն կերպ փորձում են ազդել, որ մարդիկ չհամարձակվեն վստահված անձ լինել կամ ընդհանրապես լինել շատ ակտիվ այս ընտրությունների ընթացքում: Դրա համար օգտագործում են բոլոր ադմինիստրատիվ լծակները»:

 «Եթե հավատալու լինենք  պարբերաբար հրապարակվող սոցիալական հարցումներին, ապա ՀԱԿ-ի նկատմամբ հասարակության վստահության աստիճանն այդքան էլ բարձր չէ» հարցին Զուրաբյանը պատասխանեց. «Շատ լավ ասացիք՝ եթե հավատալու լինենք: Ես ձեզ ասում եմ, որ երբևէ մի՛ հավատացեք այդ սոցհարցումներին, առավել ևս, որ դրանց մեծամասնությունը պատվիրված է Միշիկի կողմից: Այսինքն՝ Միքայել Մինասյանի կողմից, որը Սերժ Սարգսյանի փեսան է: Ես նաև իմ ելույթում Ազատության հրապարակում բացել եմ այն ստի կայսրության մանրամասները, որը նա ստեղծել է: Այդ ստի կայսրության մեջ մտնում են և՛ վերահսկող հեռուստատեսությունները, ինտերնետ կայքերը, և՛ այն բոլոր կազմակերպությունները, որոնք պատվիրում են սոցիոլոգիական հարցումներ: Իսկ սոցիոլոգիական հարցումներին Հայատանում պետք չէ հավատալ ոչ միայն, որ դրանք պատվիրվում են հիմնականում Միշիկի կողմից, այլ նաև այն պատճառով, քանի որ մարդկանց վրա ահաբեկման, կաշառման այդ համակարգը գործում է, մարդկանց ստիպում են ինչ-որ խոստումներ տալ ընտրակաշառքների դիմաց քվեարկելու»:

Զուրաբյանի խոսքով՝ թեև այդ մարդիկ հոգու խորքում պատրաստվում են իրենց խղճի թելադրանքով քվեարկել, այնուամենայնիվ ցանկացած այցելողի վերաբերվում են որպես ագենտի, որը ստուգում է՝ արդյոք նա պատրա՞ստ է որևէ քաղաքական ուժին իր խոստումը պահելու: ՀԱԿ-ի համակարգողի համոզմամբ՝ շատ քչերն են, որ ազատ արտահայտվում են և ազատ խոսում են իրենց քաղաքական նախընտրությւոնների մասին:

Զուրաբյանի խոսքով՝ մարդկանց մեծամասնությունն այսօր պատրաստ է իր ձայնը տալ ՀԱԿ-ին: «Միակ խնդիրն այն է, որ մարդիկ թերհավատ են, ընդհանրապես, որ ընտրություններն արդար կլինեն, որ հնարավոր կլինի իրենց ձայնը պահել: Բայց այդ թերհավատությունն էլ ենք կոտրում՝բացատրելով, որ իրավիճակ է փոխված և որ առաջին հերթին մարդիկ պետք է գնան իրենց ընտրությունը կատարեն, որ իրենց ձայնը չգողացվի: Իսկ երկրորդ հանգամանքը պետք է այն լինի, որ ինչքան շատ մարդ գնա և առանց թերհավատության քվեարկի ՀԱԿ-ի օգտին, այնքան շատ գործ մենք կարող ենք անել, ընդհուպ հասնել մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը»,- ասաց նա:

Լևոն Զուրաբյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ դիտեք ՍիվիլՆեթ-ի եթերում ապրիլի 28-ի առավոտյան: