6 համերգ` «Ազգային պատկերասրահի» շրջանակում

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդ փառատոնի հանդիսավոր բացումը «Վիվա Իտալիա» համերգային ծրագրով մեկնարկել է քիչ առաջ Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Ծրագրին մասնակցում են երիտասարդ տաղանդաշատ երգիչներ Մերի Մովսիսյանը (սոպրանո), Ռիմա Խաչատրյանը (մեցցո-սոպրանո), Արշակ Կուզիկյանը (բարիտոն),փառատոնային նվագախումբը՝ Արամ Թալալյանի ղեկավարությամբ:

Փառատոնն այս տարի կհյուրընկալվի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, քանզի Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում, որտեղ ավանդաբար, անցկացվում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը, Երևանը՝ 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակման առթիվ բացվել է «Գրի հավերժություն» խորագրով իր տեսակի մեջ բացառիկ ցուցահանդեսը:

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդ փառատոնը կներկայանա 6 համերգից բաղկացած համերգաշարով, որի շրջանակում ելույթ կունենան աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերմանը (ԱՄՆ), «Ակլարդիոն» դուետը (Ռուսաստանի Դաշնություն)՝ Եվգենի Վարավկոն (կլարնետ) և Մարիա Վլասովան (ակորդեոն), ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը, Թբիլիսիի ազգային օպերային թատրոնի մեներգիչների «Սուլիկո» համույթը (Վրաստան):

Փառատոնի հանդիսավոր փակման համերգը կրում է «Նվիրում Հենդելին» խորագիրը, որին կմասնակցեն երիտասարդ սերնդի ճանաչված երաժիշտներ Մանե Գալոյանը (սոպրանո), Հասմիկ Բաղդասարյանը (սոպրանո), Կարեն Հակոբյանը (կոնտրտենոր, ԱՄՆ), Ջուլիետա Վարդանյանը (կլավեսին), Արմեն Մայիլյանը (շեփոր), փառատոնային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Արամ Թալալյան):

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական ութերորդ փառատոնի (2012 թ.) ծրագրին կարելի է ծանոթանալ ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքում:

Մեկնաբանել