Ընտրահայացք այսօրվան

«Եթե մենք միլիարդներ էլ ներդնենք, եթե միջավայր չեղավ, հյուրերի նկատմամբ լավ վերաբերմունք չեղավ, ոչ մի բան չի ստացվելու: Մեզնից կախված է ներդրումներ կատարելը, իսկ ընդհանուր միջավայր դուք պետք է ստեղծեք»,- ասել է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը` Դիլիջանը զբոսաշրջային կենտրոն դարձնելու ծրագրերի մասին խոսելով դիլիջանցիների հետ:

«Ժառանգությունը եկել է Վանաձոր պարզապես ձեզ մի հատ բարև ասելու համար»,- ասել է «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: «Հայոց հողը և հայ մարդը միասին պիտի կերտեն նոր Հայաստան»,- շարունակել է նա: Ըստ նրա` դա չպիտի լինի թոռնիկների թոռնիկների Հայաստանը, այլ այն կերտելու որոշումը պիտի կայացվի մայիսի 6-ին: «Մայիսի 6-ը, հետո 9-ը, հետո 28-ը… մայիսը պիտի լինի հաղթանակների հրավառություն: Մենք ասում ենք, որ գալիս ենք, բայց մայիսի 6-ին ամեն մեկը թող իրեն հաշիվ տա»,- նշել է նա:

«Մարդը պիտի գնա բանակ, դրա դիմաց ստանա աշխատավարձ, պահի իր ընտանիքը, պահի իր հայրենիքը»,- ընտրողների հետ հանդիպմանը ասել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: «Կան ձեռնարկություններ, որ մարդիկ գնել են կոպեկներով և դրանք 15-20 տարի չեն աշխատել: Ամեն մի աշխատելու ընդունակ ձեռնարկություն պետք է ունենա իր պատմությունը, իր անձնագիրը»,- նշել է նա` անձնագրային համակարգի ներդրում նախատեսելով նաև բոլոր համայնքների համար: Նա նաև տեղեկացրել է. «ՕԵԿ-ը երբեք իր ընտրողներին 5 հազ. դրամ չի խոստացել»:

«Կա մարդ, որ ժողովրդի հետ շփվում է և քաղաքականությամբ է զբաղվում, այդ պահից նա պիտի հասկանա, որ պատասխանատու է այդ մարդկանց առաջ»,- ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր նշել է, որ պատրաստ է սեփական ուժերին ծանր բեռ վերցնել, քանի որ դա այս պահին անհրաժեշտ է տեսնում: «Ում հավատում եք, նրան էլ ձեր ձայնը տվեք, որ ոչ մեկի չմեղադրեք»,- եզրափակել է նա:

«Ցավոք սրտի, մենք այն դժբախտ երկրներից ենք, որտեղ էլիտան և իշխանությունը չեն համընկնում: Դաշնակցության ծրագիրն է էլիտան դարձնել իշխանություն,- ասել է ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը մտավորականների հետ հանդիպմանը,- էլիտան դուք եք, ոչ թե զոռբայությունը, էլիտան դուք եք, ոչ թե փողը»: Աղվան Վարդանյանի խոսքով. «Հասարակության 5 %-ը մտավորականությունն է, 5%-ը սրիկաները, մնացած 90%-ը` հասարակ աշխատող մարդիկ: Կախված նրանից, թե ո´ր հինգ տոկոս է կառավարում, հասարակությունը նմանվում է նրան»:

ՀԱԿ-ն այսօր հանդիպում է ունեցել Սյունիքում, և երկրում ստեղծված իրավիճակը գնահատել որպես «37 թվական», երբ «մարդուն մտածելու համար աքսորում են, հալածում, գյուղերում հողն ու գյուղացին երես են թեքել միմյանցից, իսկ քաղաքները կիսով չափ դատարկ են»: «Որևէ խնդիր չկա եռապատկել եկամուտները, աշխատավարձը»,- նշել է Հրանտ Բագրատյանը` բացատրելով, որ երկիրն ունի այդ ռեսուրսն ուղղակի դա ՀՀ քաղաքացիներին չի հասնում: