Քաղաքականությունը պետք է առանձնացնել բիզնեսից. Վ. Օսկանյան

Ընտրարշավը մի ժամանակաշրջան է, երբ, ըստ Օսկանյանի, պետք է գնահատական տալ այսօրվա իրավիճակին և սեփական ծրագրերը ներկայացնել ժողովրդին: «Մենք այս երկուսից էլ խուսափում ենք,- ասաց նա,- հաշվետվության շրջան է հիմա: Մինչև մենք այսօրվա գնահատականը չտանք, մենք ապագայի մասին չենք կարող խոսել: Եթե իշխող կուսակցությունը նորից իշխելու հայտ է ներկայացնում նրանից պե´տք է հաշվետվություն պահանջել»:

Անդրադառնալով փաստին, որ ԲՀԿ-ն եղել է իշխող կոալիցիայի մաս, Օսկանյանը հիշեցրեց, որ ՀՀԿ-ն եղել է մեծամասնություն և հավելեց. «Եթե իմ խոսքը Հանրապետականը համարում է քննդատություն իշխանությանը, Բարգավաճին էլ` իշխանության մաս, թող այդքան մասով այն համարվի ինքնաքննադատություն»:

Օսկանյանի դիտարկմամբ` միայն քաղաքական հակակշիռների դեպքում առաջնորդը ստիպված կլինի իր ընկերոջ կարծիքը լսել և կայացնել կոնսենսուսային որոշումներ: Նախկին արտգործնախարարը հիշեցրեց, որ իր ղեկավարած ոլորտի վերաբերյալ բոլոր հարցերին հանգամանալից կարող է պատասխանել, սակայն տնտեսական ոլորտի վերաբերյալ իրավասու չի եղել և պատասխանատու չէ:

Հիմա, ԲՀԿ-ի ծրագրով` սոցիալական ծանր իրավիճակը բարվոքելու համար անհրաժեշտ է երեք քայլ կատարել. «Քաղաքականությունը պետք է առանձնացնել բիզնեսից, որ Հանրապետականը խոստացավ և չարեց, կայացնել մրցակցությունը և ստեղծել հավասար պայմաններ: Եկեք օրիգարխներին էլ չսատանայացնենք: Այս խնդիրը լուծելու համար ուղղակի քաղաքական կամք է պետք»:

Անդրադառնալով իր անձին ուղղված քննադատություններին` Օսկանյանն ասաց. «Եթե ես իրավունք չունեմ խոսելու, ուրեմն ոչ ոք իրավունք չունի, ՀՀԿ-ն ընդհանրապես հիմա պիտի ընտրարշավ չաներ: Քոչարյանի շրջապատից այսօր ամենքը պաշտոն ունեն: Ինձ առաջարկվել են շատ լուրջ պաշտոններ, ես ամենը մերժել եմ: Ես հիմնադրամ եմ ստեղծել և այսօր քաղաքականություն եմ մտնում հանգիստ խղճով և բաց ճակատով»:

«Մարտի մեկին հաջորդող օրերում արտգործնախարարությունից 8 մարդ հեռացվեց»,- հիշեցրեց հաղորդավար Նվեր Մնացականյանը: Օսկանյանն ասաց, որ «Մարտի 1»-ը մեծ և ժամանակատար թեմա է, որի մասին ինքը պատարստակամ է երկար զրուցել: Իսկ հեռացված աշխատողները, ըստ նրա, իրեն ներկայացրել էին հայտարարության տեքստ, սակայն ինքը չէր լիազորել հրապարակել: Տեքստը հրապարակել էին առանց իր թույլտվության, ինչի համար էլ աշխատակիցները հեռացվել էին: «Ես բերեմ ԱՄՆ-ի օրինակը. Երբ դեսպան Ջոն Էվանսը «Ցեղասպանություն» բառն ասաց, նրան հեռացրին աշխատանքից»:

Վարդան Օսկանյանը նշեց, որ մեծ խնդիր է նաև հեռուստատեսության` այսօրվա հայաստանյան իրականության ոչ ճիշտ լուսաբանումը: «Հ1-ը այս տարիներին ժողովրդին ուրի´շ բան է ներկայացրել, դու էլ մեղսակից ես, Նվեր»,- ասաց նա:

Օսկանյանն ասաց, որ ամեն անգամ ընտրություններից հետո ինքը ստիպված է եղել ասել. «Ցավում եմ, որ խախտումներ են եղել, և ժողովրդի մտքում կա կասկած»: «Եկեք այս ընտրությունները այնպես անցնենք, որ այդ կասկածը այլևս չլինի»,- առաջարկեց:

Նա նաև տեղեկացրեց, որ ընտրությունների վերահսկման միասնական շտաբը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան`պահանջելով ներկայացնել ընտրություններից հետո քվեարկածների ցուցակը: «Ուզում ենք իմանալ` ովքեր են քվեարկել, որովհետև այսօր ընտրական ցուցակը խայտառակ վիճակում է»,- ասաց նա` նկատելով, որ եթե իշխանություններն իրապես մտահոգ են ընտրությունների արդար անցկացմամբ` առանց խնդիր տեսնելու պիտի այս պահանջը բավարարեն:

Մեկնաբանել