Ի՞նչ են ասում քաղաքական ուժերն ընտրությունների նախաշեմին

Հաշված օրեր են մնացել խորհրդարանական ընտրություններին, և արդեն իսկ կարելի է պատկերացումներ կազմել, թե ընտրարշավին մասնակցող հիմնական քաղաքական ուժերը ինչ մեսիջներով և ինչ հռետորաբանությամբ են փորձում շահել ընտրողների վստահության
քվեն: Այս քարոզարշավն առանձնանում է նրանով, որ գրեթե բոլոր կուսակցություններն իրենց հիմնական մեխն են դարձրել սոցիալտնտեսական խնդիրները: Գրեթե չեն շոշափվում արտաքին-քաղաքական խնդիրներն ու Ղարաբաղյան հակամարտության թեման:
Որոշակի առումով հատկապես ընդդիմադիր կուսակցությունները խոսում են ժողովրդավարական բարեփոխումների անհրաժեշտության
մասին: Այն դեպքում, երբ օրինակ, 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ քարոզարշավի հիմնական ուղղվածությունը ժողովրդավարական բարեփոխումներն էին ու մարդու իրավունքների պաշտպանությունը:

Փաստացի կուսակցությունները քարոզարշավի ընթացքումխնդիրները ձևակերպելիս առաջնորդվում են հասարակությանն առավել մեծ չափով հուզող թեմաներով: Սոցիալական վիճակի բարելավման և տնտեսական բարեփոխումների թեմաների բարձրաձայնումը պայմանավորված է վերջին տարիներին կառավարության վարած ոչ արդյունավետ սոցիալ-տնտեսական քաղաքականությամբ և համաշխարհային տնտեսական ճգնաժամով:

Նույնիսկ իշխող Հանրապետական կուսակցությունն է ուշադրության կենտրոնում պահում սոցիալ-տնտեսական խնդիրները: Իշխանությունը հիմնականում փորձում է ապացուցել, որ վերջին տարիններին տնտեսական ձեռքբերումներ են եղել, և շեշտադրումը կատարում է այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է հավատալ ՀՀԿ-ին, որպեսզի շարունակեն կիսատ թողնված ծրագրերն ու նախագծերը: Տարօրինակ է, որ ՀՀԿ-ն առաջ է քաշում նաև ստեղծված իրավիճակի փոփոխության խնդիրը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ամբողջ քարոզարշավն ու ծրագիրը հիմնված է սոցիալական և տնտեսական թեմաների վրա: ԲՀԿ-ն ծրագրային քննադատության է ենթարկում կառավարության վերջին տարիների վարած տնտեսական քաղաքականությունը և սոցիալ-տնտեսական խնդիրներին լուծումներ առաջարկում: ԲՀԿ-ն քարոզչության ընթացքում խոսում է գյուղատնտեսության զարգացման, գործարար միջավայրի բարելավման և ազատ մրցակցային հարաբերությունների ձևավորման անհրաժեշտության մասին:

ՀՅԴ-ն ևս ուշադրության կենտրոնում է պահում տնտեսական արդյունավետ քաղականություն վարելու ու սոցիալական ապահովության
հետ կապված խնդիրները: «Հին ընկերները» ծրագրեր են ներկայացնում հասարակության սոցիալապես խոցելի խմբերի բարեկեցության
բարձրացման ուղղությամբ: Միաժամանակ ՀՅԴ-ն կարևորում է երկրում արդարության պակասորդի խնդիրը և հիմնավորում արդարության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը:

ՀԱԿ-ը ևս քարոզարշավի ընթացքում խոսում է սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխության մասին՝ առաջ քաշելով ծրագրեր, միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով ժողովրդավարական բարեփոխումների թեման: Այս քաղաքական ուժն առաջ է քաշում գործող իշխանություններին օր առաջ փոխելու խնդիրը և հանգում այն եզրակացության, որ ներկայիս իշխանություններին փոխելուց հետո միայն կարելի է մտածել սոցիալ-տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումների մասին: Ի տարբերություն ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի՝ ՀԱԿ-ը իր գնահատականներում և քննադատության մեջ առավել անկաշկանդ է:

Բոլորովին անհասկանալի է ՕԵԿ-ի քարոզարշավի հռետորաբանությունը, հասարակությանն ուղղվող նրա մեսիջներում որևէ հստակություն չկա: Այս կուսակցությունը վերացական քննադատության է ենթարկում ինչ-ինչ երևույթներ՝ առանց պատճառները և պատասխանատուներին հստակեցնելու: Կուսակցությունը հիմնականում կրկնում է ՀՀԿ- ին, պարզապես ՕԵԿ-ի քարոզարշավի ընթացքում դժգոհության շատ փոքր նշույլներ են նկատվում:

Հստակ չեն ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության մեսիջներն ու ասելիքը: Նրանք խոսում են գրեթե ամեն ինչից՝ հայրենասիրությունից մինչև բնապահպանություն, և հստակ գրեթե ոչինչ չեն ասում: Այս կուսակցության ասելիքն ու քննադատությունը խիստ վերացական են ու գրեթե անհասցե: Քարոզարշավին մասնակցող մնացած կուսակցություններին չարժե անդրադառնալ, քանի որ նրանք շատ փոքր ազդեցություն ունեն հասարակական կարծիքի ձևավորման վրա:

Մեկնաբանել