Դնեպրոպետրովսկում Մայիսի մեկ չի լինի

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն  այսօր կայցելի Դնեպրոպետրովսկ, ուր երեկ չորս պայթյունի արդյունքում տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել 29 մարդ: Այս մասին, ըստ «ՌԻԱ նովոստի» գործակալության` հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը:

Դնեպրոպետրովսկի դատախազությունը գործ է հարուցել «ահաբեկչական ակտ» հոդվածով, իրավապահ մարմիններն ուժեղացրել են քաղաքի պահպանությունը և հսկում են հասարակական վայրերը, ավելացվել է զինուժը: Նաև, ավելացվել է պահպանությունն Ուկրաինայի բոլոր մարզկենտրոններում և Կիևում:

Ինչպես հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ-ի Դնեպրոպետրովսկի գլխավոր տեղամասի պետ Վիկտոր Բաբենկոն, նոր պայթյունների վտանգ Դնեպրոպետրովսկում չկա:

 Հիշեցնենք, որ պայթյուններն արդեն իսկ դարձել են քաղաքական շահարկումների առարկա. դեռ կեսօրին նախկին վարչապետ, դատապարտյալ Յուլյա Տիմոշենկոյի կողմնակիցները պայթյունների համար մեղադրել էին գործող իշխանությանը, իսկ ներկայիս վարչապետ Նիկոլայ Ազարովը, ըստ BBC գործակալության, ի պատասխան նշել է, որ «պայթյունները ձեռնտու էին նրանց, ովքեր մեղադրում են իշխանությանը»: