Իսկ եթե հանկարծ այս ամենի վերջն իրոք Հայլուրն է

Հանրապետական կարող ես չլինել, բայց Հայլուր նայել պարտավոր ես … որովհետև Հալյուրի կապույտ էկրանին փոքր մի երկիր է, որում մշակութային բոլոր իրադարձությունները մշակույթի նախարարության ու նախագահի բարձր հովանու ներքո են։ Առանց նախարարության ու նախագահի ի՞նչ մշակույթ։

Գյուղացին էլ դժգոհ չէ, փառք Աստծո ու եկեղեցուն ու գյուղնախարարությանը. կարկուտ այս տարի դեռ չի եղել ու նրանցից ինչ-որ մեկի մատը հաստատ խառն է։ Ինչպես մինչև հիմա գլխի չէի ընկել։

Երեխաները նույնպես ուրախ են ու երջանիկ, ուսանողներն էլ, կրթությունը մատչելի է ու որակյալ՝ Բոլոնիայի գործընթացի ու կրթության ու գիտության նախարարի բարձր հովանու ներքո։ Մի՞թե կույր եմ՝ այս ամենը իմ շրջապատում է, ու ես չեմ տեսնում։

Կառուցվող հիվանդանոցների մասնաշենքեր՝ մարզերում, Համաշխարհային բանկի փողերով, բայց առողջապահության նախարարի ու նախագահի բարձր հովանու ներքո։ Երևի ե՛ս չեմ հասկանում՝ առողջապահությունը միայն մասնաշենքեր են։

Վերամշակող գործարաններ, որոնք Արարատյան դաշտավայրի բերքն ու բարիքը պիտի ամբողջ աշխարհին հասցնեն՝ էլի նախագահի, երբեմն վարչապետի բարձր հովանու ներքո։ Իսկ գործարարները պատգամավոր կամ պաշտոնյա կամ խնամի-բարեկամ չեն։

Լեռնահանքային արդյունաբերություն ու ծաղկող գործարաններ, որոնք հարստացնում են երկրի բյուջեն՝ էլի նախագահի ու իմաստուն կառավարության բարձր հովանու ներքո։ Գլխավորը՝ նրանք հեկտարներով անտառներ են տնկելու։

Իսկ Հալյուրի կապույտ էկրանից այն կողմ, ստվերոտ ու լուռ, կանգնած է փոքր իմ երկիրն ու ես՝ հոգու մինչև ամենախորին խորքը անտարբեր Հայլուրի նկատմամբ։ Ու անտարբեր նրանք միայն մի բան են ուզում,- որ բարձր հովանու ներքո չլինի ու շաբաթ-կիրակի քաղաքից դուրս գնալու տեղ ու փող լինի։

Չնայած, երբ սկսում ես մտածել երկրի մասին, գլխում հայլուրային պատկերներ են հայտնվելու ու ուրվական. իսկ եթե հանկարծ այս ամենի վերջն իրոք Հայլուրն է։ Ու ի՞նչ այդ դեպքում, մի՞թե երկիրն արդեն երկիր է, իսկ ես դեռ չեմ հավատում …

Մարատ Յավրումյան

Մեկնաբանել