Վարչապետը փնտրում է լավագույն ոլորտները

Հայաստանի ազգային մրցունակությունը կարևորագույն մարտահրավեր է, և մենք պետք է գտնենք մեր երկրի հարաբերական առավելությունները՝ Հայաստանը համաշխարհային քարտեզի վրա որպես մրցունակ երկիր ներկայացնելու համար: Այս մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ըստ կառավարության պաշտոնական կայքի, հայտարարել է «Նորարություն, մրցունակություն և տնտեսական աճ» թեմայով համաժողովի ընթացքում: «Մենք պարտավոր ենք այսօր մրցակցության դաշտում ներդնել ամուր հիմքեր՝ դիմակայելու և հարաբերական առավելություն ունենալու համար: Համաշխարհային ֆինանստնտեսական ճգնաժամը բացահայտում է առկա խնդիրները, ցույց է տալիս մեր պետության, տնտեսության, հասարակական և քաղաքական համակարգերի ուժեղ և թույլ կողմերը, և ստիպում է մեզ նոր ուղղություններ որոնելիս դասեր քաղել ճգնաժամից»,- ասել է վարչապետը:

Անդրադառնալով պետություն-մասնավոր համագործակցությանը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ Ազգային մրցունակության խորհուրդը հենց այդ մեթոդաբանության կիրառման առարկան է: Ստեղծվել է մի կառույց, որը պետք է միավորի պետության և մասնավորի կարողությունները՝ ազգային մրցունակության խնդիրները լուծելու ժամանակ: Կառավարության ղեկավարն ասել է, որ խորհուրդն առաջարկում է օգտագործել պետական միջոցները՝ տարբեր ծրագրերը մասնավոր հատվածի համաֆինասավորմամբ և կարողությունների օգտագործմամբ իրականացնելու համար: «Այս կառույցի նպատակն է երկրի մրցունակության բարձրացման համար օգտագործել ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում սփռված հայկական ներուժը: Դրա համար Ազգային մրցունակության խորհրդի կազմում ընդգրկվել են այնպիսի մարդիկ, որոնք տարբեր երկրներում իրենց ոլորտներում հասել են հաջողության»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ պետություն-մասնավոր համագործակցության մոտեցումը տարբեր երկրներում բերել է հաջողություններ: Այդ առումով, պետությունը մասնավորի հետ ստեղծել է համագործակցության նոր հարթակ, որտեղ հաշվի առնելով հարաբերական առավելությունները՝ արտահանման ներուժ ունեցող 11 ուղղություններով կանխորոշվում են երկրի ճյուղային զարգացման հեռանկարները և կայացվում կարևորագույն որոշումներ: «Այստեղ պետությունը որոշումներ կայացնելիս չի գերիշխում, հակառակը՝ օժանդակում է, որպեսզի այդ որոշումները կայացնեն մասնավոր հատվածի ներկայացուցիչները: Պետությունն ընդամենը պարտավորություն է ստանձնում՝ օժանդակել ծրագրերին: Այդ առումով, մրցակցային պայմանները բոլոր ճյուղերի համար մնում են հավասար»,- ասել է կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ ժամանակակից աշխարհում արտադրողականության աճի բարձրացման ամենահզոր ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառն է, որը ներխուժել է բոլոր ճյուղերի մեջ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՏՏ-ն վերջին տարիների ընթացքում մեր երկրում դինամիկ զարգացում է ապրում, վարչապետ հույս է հայտնել, որ նրա ներուժը կօգտագործվի վերը նշված 11 ճյուղերում:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ 21-րդ դարը մրցակցություն է ինտելեկտուալ և նոր գիտելիքի ստեղծման բնագավառներում, իսկ այդ մրցակցության մեջ հաղթում են այն երկրները, որոնք մեծ ուշադրություն են դարձրել գիտելիքին, ստեղծել են գիտական ուսումնասիրությունների համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ: «Միաժամանակ, մրցունակ լինելու համար պետք է ունենանք մրցունակ կրթական համակարգ: Մենք պետք է կառուցենք գիտելիք-բուհական համակարգ-արտադրություն շղթան: Դա նշանակում է, որ համագործակցությունը կրթական հաստատությունների հետ ունենալու է էական նշանակություն: Այն պետությունները, որոնք կկարողանան կառուցել արդյունավետ կրթական համակարգ՝ հնարավորություն կստանան ապահովել իրենց մրցունակությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը համաժողովի ընթացքում ներկայացրել է Վճարումների պետական էլեկտրոնային համակարգը, որը գործարկվել է ապրիլի 28-ին: Էլեկտրոնային կառավարման նոր գործիքը հնարավորություն կտա քաղաքացիներին իրենց պետական վճարումները կատարել էլեկտրոնային եղանակով և բանկային Arca ու Master քարտերի միջոցով:
«Ընդհանուր առմամբ համակարգում ներառված են 1500 տեսակի վճարումներ՝ տուգանքներ, պետական տուրքեր, ծառայությունների վճարներ և այլն: Երևանի, Գյումրու և Վանաձորի քաղաքապետարանները ևս իրենց տեղական վճարումները կկազմակերպեն այս համակարգով»,- ասել է Դավիթ Սարգսյանը: Կառավարության աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ այս համակարգի ներդրման արդյունքում էապես կնվազեն նաև գանձնվող միջնորդավճարները. օրինակ 2-3 հազար դրամանոց վճարման դեպքում որպես միջնորդավճար քաղաքացուց կգանձնվի ընդամենը 8-10 դրամ:Վճարումների պետական էլեկտրոնային համակարգը քաղաքացիներին հասանելի կլինի e-payments.am հասցեով:

Համաժողովը կազմակերպվել է Հայաստանում «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցչությունը, Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամը՝ ՀՀ կառավարության աջակցությամբ: