Կասկադում վաղը երեկոն ջազային է


Ապրիլի 30-ին ամբողջ աշխարհում կնշվի Ջազի միջազգային օրը: Տոնին ընդառաջ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել էր հայտնի հայ  ջազմեններին: Շնորհավորելով նրանց` Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ջազի հայ վարպետներին Հայաստանի և մասնավորապես Երևանի մշակութային կյանքում ներդրած մեծ ավանդի համար:

 «Անչափ կարևոր է ձեր դերակատարումը հայերիս համար արդեն հարազատ դարձած երաժշտական  այս ուղղության` ջազի պրոպագանդման ասպարեզում: Վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը միշտ պատրաստ է աջակցելու ձեզ բոլոր այն նախաձեռնություններում, որոնք ուղղված են մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ու հարստացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին ջերմ ընդունելության և մայրաքաղաքի մշակութային կյանքին, այդ թվում նաև երաժշտարվեստին ցուցաբերվող մշտական ուշադրության և աջակցության համար:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ է Ջազի միջազգային օրվան նվիրված մեծ նվեր պատրաստվել մայրաքաղաքի երաժշտասերների համար` Կասկադում ջազ-երեկո է լինելու: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից: