ICOM-ի նախագահը նախատեսում է համագործակցել

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախարարությունում հյուրընկալել է ICOM-ի գրական թանգարանների միջազգային կոմիտեի նախագահ Լոթար Ջորդանիին, ով Հայաստան էր ժամանել` մասնակցելու «Երևանը` 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաքի» տոնակատարությունների բացման պաշտոնական արարողությանը: Նախարարը ողջունել է հյուրին և կարևորել նրա` Հայաստան կատարած անդրանիկ այցը, նաև հույս է հայտնել, որ տեղում ծանոթանալով հայաստանյան թանգարանների ցուցադրություններին` վերջինի կողմից կարվի միջազգային ծրագրերում համագործակցության գործուն առաջարկներ: Նախարար Հասմիկ Պողոսյանը ընդհանուր գծերով Լոթար Ջորդանիին ծանոթացրել է ICOM -Հայաստանի գործունեությանը (ICOM -Հայաստանը ստեղծվել է 2008 թ., այն Թանգարանների միջազգային խորհրդի լիազոր ներկայացուցիչ է, որը ՀՀ մշակույթի նախարարության, «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ի և միջազգային ւո հանրապետական կազմակերպությունների աջակցությամբ և համատեղությամբ իրականացրել է ՀՀ թանգարանների զարգացման և տեխնիկական վերազինման, թանգարանային մասնագետների վերապատրաստմանն ու երիտասարդ կադրերի աջակցությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր): Նախարարը, սակայն, նշել է, որ հանրապետությունում առկա է թանգարանների կառավարիչների խնդիրը: Երիտասարդները այդ բնագավառում չունեն բավարար գիտելիքներ և պատրաստ չեն ստանձնելու թանգարանի կառավարչի պարտականությունները:

ICOM-ի գրական թանգարանների միջազգային կոմիտեի նախագահ Լոթար Ջորդանին շնորհավորել է Երևանի գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու առթիվ, շնորհակալություն հայտնել իրեն Հայաստան հրավիրելու համար և նշել, որ ինքն արդեն այցելել է մայրաքաղաքի մի քանի տուն-թանգարաններ, ունի որոշակի դիտարկումներ ու առաջարկություններ մասնավորապես ցուցանմուշների տարբեր լեզուներով ներկայացման վերաբերյալ, որի շուրջ կզրուցի հայաստանյան գործընկերների հետ: Նա նախարարին տեղեկացրել է նաև իրենց կառույցի` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ իրականացվող համալսարանական մակարդակի կրթական ծրագրերի մասին, որոնք նախատեսված են տուն-թանգարանների աշխատակիցների համար (թանգարանագետներ, գրականագետներ…), ինչպես նաև` ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստաթղթերի հետ աշխատելու, հին դիսցիպլինները նորովի, երիտասարդների համար մատչելի և ժամանակակից մեթոդներով ներկայացնելու դասընթացների մասին:

Հանդիպման ավարտին կողմերը խոսեցին 2012 թ. աշնանը Երևանում նախատեսվող ICOM -ի կրթության միջազգային կոմիտեի «Գիրքը և գրավոր աղբյուրները թանգարանում» խորագրով տարեկան գիտաժողովի մասին, որը տարածաշրջանում անցկացվելու է առաջին անգամ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:

Մեկնաբանել