Պետբյուջեի եկամուտներն աճել են 4.4%-ով

ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ Դ186.8մլրդ, ծախսերը` Դ 187 մլրդ:

2012 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 186.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 187 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.4%-ով և 87.8%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ չնայած բյուջետային ծախսերի համեմատաբար ցածր կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: “Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին” ՀՀ օրենքի 9 րդ հոդվածի 11 րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են 4.5 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում նախատեսված մուտքերի 85.9%-ը, իսկ ծախսերը` 2.2 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 45.1%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 182.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 184.8 մլրդ դրամ` ապահովելով համապատասխանաբար 100.8% և 88% կատարողական: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 20.4%-ով, ծախսերի գծով` 19.5%-ով:

Պետական բյուջեի եկամուտների 94.9%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 4.7%-ը` այլ եկամուտների, 0.4%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2012 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 177.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 100.1%-ը: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.4% ով կամ 7.5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի, շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով: Նշենք, որ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ աճ է արձանագրվել գրեթե բոլոր հարկատեսակների գծով, բացառությամբ այլ հարկերի, մաքսատուրքի և հաստատագրված վճարների:
2012 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են շուրջ 147.3 մլրդ դրամ, որի 47.7%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է 70.2 մլրդ դրամ և 2.1%-ով կամ 1.5 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 36.4 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 33.8 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից: Հարկ է նշել, որ ԱԱՀ-ի մուտքերի աճն ապահովվել է ներքին շրջանառության հաշվին, որից ստացված մուտքերն ավելացել են 17.6%-ով, մինչդեռ ներմուծման գծով մուտքերը նվազել են 9%-ով:
Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 7%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով ավելի քան 10.3 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 5.6 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` շուրջ 4.8 մլրդ դրամ: Ընդ որում, տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 19.7%-ով, իսկ ներմուծվող ապրանքների գծով մուտքերը` 12.1%-ով. արդյունքում ակցիզային հարկի ընդհանուր մուտքերն աճել են 15.5%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 15.5% ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով 22.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 9.8%-ով կամ ավելի քան 2 մլրդ դրամով:
2012 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 20.1 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 13.6%-ը և 13.9%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են ավելի քան 6.4 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 4.4%-ը և 6%-ով զիջել 2011 թվականի համապատասխան ցուցանիշը:
2012 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 4.9 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով առաջին եռամսյակի ծրագրի 104.2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 11.2%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են 4.7 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.2%-ը: Նշված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 7.7%-ով:
2012 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 6.3 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 4.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 2.3 անգամ` հիմնականում պայմանավորված “Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ, որի համաձայն արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար սահմանվել է ռոյալթի, որի գծով հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 3.7 մլրդ դրամ: Նշենք, որ մուտքերի աճը պայմանավորված է նաև օգտակար հանածոների արդյունահանման համար գանձվող վճարների ավելացմամբ:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 1.4 մլրդ դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի և տուրքերի 1%-ը: Մասնավորապես` 317.6 դրամ է կազմել «Կոնցեսիայի մասինե ՀՀ օրենքով սահմանված կոնցեսիոն վճարը, 316.9 մլն դրամ` ճանապարհային վճարները, շուրջ 210 մլն դրամ է կազմել «Կոնցեսիայի մասինե ՀՀ օրենքով սահմանված ռոյալթին, 184.7 մլն դրամ` արտոնագրային վճարները, 117 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար “Հարկերի մասին” ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, 101.1 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 5.1 մլն դրամ` ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները և 166.2 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշը նվազել է 70.1% ով կամ 3.3 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ռոյալթիի և ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման վճարների նվազմամբ:
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով 2012 թվականի հունվար-մարտ ամիսների եկամուտները կազմել են ավելի քան 30.0 մլրդ դրամ` 0.5%-ով կամ 140.2 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
2012 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական հիմնարկների արտաբյուջետային ծրագրերի շրջանակներում մուտքագրվել են ավելի քան 813.7 մլն դրամի դրամաշնորհներ` կազմելով եռամսյակի ծրագրով նախատեսվածի 75.7%-ը:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են շուրջ 8.7 մլրդ դրամ` 11.6%-ով գերազանցելով առաջին եռամսյակի ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից 3.6 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական հիմնարկների արտաբյուջետային եկամուտները կամ նախատեսվածի 89.2%-ը: Այլ եկամուտների ծրագրի գերազանցումն ապահովվել է հիմնականում բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների, ռեզիդենտներին տրամադրված վարկերի օգտագործման տոկոսավճարների մուտքերի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերի հաշվին, որոնք գերազանցել են եռամսյակային ծրագրային ցուցանիշները համապատասխանաբար 204.7, 112.9 և 69.2 տոկոսով: Ծրագրի բարձր կատարողական է ապահովվել նաև տիրազուրկ, ժառանգության իրավունքով, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանցից (բացառությամբ ՀՀ համայնքների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների) նվիրատվության կարգով պետությանը որպես սեփականություն անցած դրամական միջոցներից մուտքերի գծով, որոնք նախատեսված 1.5 մլն դրամի դիմաց կազմել են 67 մլն դրամ: Ավելի քան 8.5 մլն դրամ է մուտքագրվել իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից ստացվող շահաբաժինների գծով` կազմելով նախատեսվածի 85.3%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 78.2% ով կամ 30.6 մլն դրամով: 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտները նվազել են 2.5%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերի նվազմամբ:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

2012 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեից կատարված ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3.1% ով կամ 5.6 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի` հիմնականում ծառայությունների և ապրանքների ձեռքբերման, դրամաշնորհների, նպաստների և կենսաթոշակների գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է 53.2%-ով անկում:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 180.2 մլրդ դրամ` 89.3%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 8%-ով կամ 13.3 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 15.4 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է առաջին եռամսյակում ծրագրվածի 92.6%-ը և 1.3%-ով զիջել նախորդ տարվա հունվար-մարտի ցուցանիշը: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 38 մլրդ դրամ, որը կազմել է եռամսյակային ծրագրի 87.9%-ը և 28.3% ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 8.1 մլրդ դրամ տրամադրվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով եռամսյակային ծրագրի 89.3%-ը: Մասնավորապես` նշված գումարից շուրջ 6.3 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 1.8 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 8%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը` պայմանավորված ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:
Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 5.4 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով եռամսյակային ծրագրի 97.9%-ը և 38%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը:
20.9 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 20.5 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 377.2 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 8.1 մլրդ դրամի դոտացիաներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե չեն փոփոխվել: Դրամաշնորհների եռամսյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 92.1% ով, իսկ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ նշված ծախսերն աճել են 13.6% ով:
Ընթացիկ ծախսերի 37.2%-ը` 67 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով առաջին եռամսյակի ծրագրի 91% կատարողական: Մասնավորապես` նշված գումարից 48.5 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, 18 մլրդ դրամ` նպաստները, որից 422.7 մլն դրամը տրամադրվել է սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով աշխատողներին առաջարկվող սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակներում, այդ թվում` 384.6 մլն դրամ է օգտագործվել բժշկական ապահովագրության նպատակով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 7%-ով կամ 4.4 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 24.5 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով եռամսյակային ծրագրի 81.7% ը և 13.5%-ով զիջելով նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները հունվար-մարտ ամիսներին կազմել են 6.8 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 61% ը: Մասնավորապես` 6.9 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց եռամսյակային ծրագիրը կատարվել է 59.8%-ով: 132.1 մլն դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` կազմելով եռամսյակային ծրագրի 30% ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշը նվազել է 53.2%-ով` հիմնականում պայմանավորված շենքերի և շինությունների վրա կատարված ծախսերի նվազմամբ:

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը

2012 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 175.4 մլն դրամ պակասուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 26.8 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Շեղումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆինանսավորման ներքին աղբյուրներում նախատեսված բյուջեի ազատ միջոցներից 18.4 մլրդ դրամ օգտագործելու փոխարեն դրանք ավելացել են 9.0 մլրդ դրամով: Մասնավորապես` ներքին ֆինանսավորումը կազմել է -5.6 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 5.8 մլրդ դրամ:
Ներքին աղբյուրներում 2.0 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները, -7.6 մլրդ դրամ` ֆինանսական զուտ ակտիվները: Մասնավորապես` 2.01 մլրդ դրամ են կազմել գանձապետական պարտատոմսերի զուտ մուտքերը: Մուրհակների մարման նպատակով առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված վճարումները կատարվել են 96.4%-ով` կազմելով 11.4 մլն դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 392.4 մլն դրամի վարկեր: Շուրջ 1.9 մլրդ դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից:
Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի արտաքին ֆինանսավորումը կազմել է շուրջ 5.8 մլրդ դրամ, որից 17.0 մլրդ դրամը` փոխառու միջոցների, -11.2 մլրդ դրամը` ֆինանսական ակտիվների գծով: Եվրահանձնաժողովի կողմից Մակրոֆինանսական աջակցության ծրագրի շրջանակներում հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել են 20.1 մլրդ դրամի վարկային միջոցներ: 3.2 մլրդ դրամ ուղղվել է արտաքին պարտավորությունների մարմանը, որից 2.0 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 126.3 մլն դրամ` ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 436.1 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 622.7 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 24.9 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը:
Շուրջ 9.9 մլրդ դրամ տրամադրվել է ԼՂՀ-ին, որպես միջպետական վարկ` ապահովելով ծրագրի 100% կատարողական և 3.1%-ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով առաջին եռամսյակում նախատեսված գումարն ամբողջությամբ վճարվել է` կազմելով 79.9 մլն դրամ: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերմանն ուղղվել է 664.6 մլն դրամ` կազմելով եռամսյակային ծրագրի 98.8%-ը: Հաշվետու ժամանակահատվածում 736.1 մլն դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը: