Գնաճը դուրս է եկել թիրախից

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2012թ. ապրիլին, մարտի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0,6% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1,3%-ով։ Ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գները և սակագները նվազել են համապատասխանաբար 0,9%-ով և 0,1%-ով։

2012թ. ապրիլին, մարտի համեմատ, հանրապետությունում պարենային ապրանքների գնանկման վրա անմիջական ազդեցությունն է ունեցել բանջարեղենի և կարտոֆիլի, կենդանական և բուսական յուղերի, շաքարավազի գների 7,6-1,5%-ով նվազումը: Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում ապրիլի 7,6% գնանկումը պայմանավորված է եղել հիմնականում խառը կանաչեղենի՝ 21,1%, վարունգի՝ 18,6%, սմբուկի՝ 11,6%, սխտորի՝ 7,6% գնանկումով։

Նշենք որ ապրիլին արձանագրված 12 ամսյա գնաճը նախորդ ամիսների նույնանման ցուցանիշներից ամենացածրն է. հունվարին 12 ամսյա գնաճը կազմել էր 4,8%, փետրվարին՝ 3%, մարտին՝ 2,2%։