ՀՀ ԱԳ նախարարն այցելել է Թեհրան

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հրավերով ապրիլի 29-ին պաշտոնական այցով գտնվել է Թեհրանում: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը, նույն օրը Նալբանդյանին ընդունել է ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Նրանք գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև զարգացող համագործակցության առումով, քննարկել համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների, նավթամթերքների խողովակաշարի և նավթամթերքների պահեստարանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին: Իրանի նախագահն ընդգծել է վերոհիշյալ նախագծերի իրականացման կարևորությունը: 
Թեհրանում կայացել են նաև ՀՀ  և ԻԻՀ ԱԳ նախարարների բանակցությունները:

Ողջունելով ՀՀ արտգործնախարարին՝ Ալի Աքբար Սալեհին նշել է, որ շատ ջերմ հիշողություններ է պահպանում Երևան կատարած այցից և ուրախ է իր գործընկերոջն ընդունել Թեհրանում, քննարկել բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ուղիները: Նալբանդյանն ընդգծել է, որ վերջին չորս տարվա ընթացքում արդեն վեցերորդ անգամ է այցելում Թեհրան, նույն ժամանակահատվածում ԱԳ նախարարների մակարդակով Երևանում, Թեհրանում և այլ տարբեր միջազգային հարթակներում կայացել է շուրջ երկու տասնյակ հանդիպում Հայաստանի և Իրանի արտգործնախարարների միջև: Երկուստեք նշվել է, որ այդ հանդիպումները հնարավորություն են տալիս հետևելու բարձր ղեկավարության կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

ՀՀ և ԻԻՀ ԱԳ նախարարները քննարկել են միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները, որի հաջորդ նիստը նախատեսված է անցկացնել  ամռանը Երևանում: Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջև համագործակցությանը՝ տրանսպորտի, էներգետիկայի, մաքսային, բնապահպանության, կրթական, առողջապահության, գյուղատնտեսության, մշակութային բնագավառներում, մտքեր են  փոխանակվել իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնման շուրջ:

Բանակցություններին հանգամանալից քննարկման առարկա են դարձել միջազգային օրակարգի հարցեր: Նախարար Սալեհին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները: Նալբանդյանը գոհունակությամբ հայտնել է, որ այդ կապակցությամբ վերջին հանդիպմանը դրական միտում է արձանագրվել և հույս է հայտնել, որ այն ոչ միայն կպահպանվի, այլ նաև կամրապնդվի մայիսին Բաղդադում նախատեսված հանդիպմանը:

ՀՀ արտգործնախարարը իրանցի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ընթացքը՝ ընդգծելով այդ հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշման կարևորությունը:

Զրուցակիցները պայմանավորվել են հաջորդ հանդիպումը անցկացնել Երևանում: 
Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպմանը հետևել է համատեղ մամուլի ասուլիս:

Ի պատիվ ՀՀ արտգործնախարարի` Ալի Աքբար Սալեհին պաշտոնական ճաշ է տվել ԱԳՆ-ում:

Թեհրանում Նալբանդյանը հյուրընկալվել է նաև Իրանի խորհրդարանում, ուր հանդիպում է ունեցել Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձել մի շարք տարածաշրջանային խնդիրների:

 Նալբանդյանի թեհրանյան օրակարգում ներառված էր նաև հանդիպում ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, Իրանի միջուկային ծրագրի հարցերով գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլիի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներին, Հայաստանի և Իրանի ազգային անվտանգության խորհուրդների միջև փոխգործակցությանը:

ԻԻՀ անվտանգության խորհրդի քարտուղարը մանրամասն ներկայացրել է միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները և բանակցություններից իրանական կողմի ակնկալիքները: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ: Սաիդ Ջալիլիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը:

Նույն օրը` երեկոյան, Նալբանդյանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի ու համայնքային կառույցների ղեկավարների հետ: