Չինաստանը Հարավային Սուդանին $8 մլրդ կհատկացնի

Կողմերն այս մասին պայմանավորվածություն են ձեռք բերել Հարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրի՝ Չինաստան կատարած վերջին այցի ընթացքում։

Չինաստանի կողմից տրամադրվող միջոցներն առաջիկա երկու տարում կուղղվեն ճանապարհների և կամուրջների շինարարությանը, գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև հեռահաղորդակցային նախագծերի շինարարությանը։ Հարավային Սուդանի նախագահի խոսքով՝ այս նախագծերի իրականացման գործում կներգրավվեն նաև չինական ընկերությունները։

Չինաստանի կողմից Սուդանի տարածքը շրջանցող նավթամուղի կառուցման ֆինանսավորման մասին Չինաստանի պաշտոնական ներկայացուցիչը չի հիշատակել, հաղորդում է BBC News-ը։  

Հատկանշական է, որ ինչպես Սուդանի, այնպես էլ Հարավային Սուդանի (պաշտոնապես անկախացել է 2011թ. ամռանը) եկամտի հիմնական աղբյուրը նավթն է։ Այն հիմնականում արդյունահանվում է Հարավային Սուդանի տարածքում, սակայն հումքը Կարմիր ծով տեղափոխող նավթամուղներն անցնում են Սուդանի տարածքով։ Ուստի Հարավային Սուդանը մտադիր է մինչև Հնդկակական օվկիանոս ձգվող նավթամուղ կառուցել։ 

Իսկ Սուդանի և Հարավային Սուդանի տարածքում արդյունահանվող նավթի գլխավոր գնորդը Չինաստանն է։ Հարավային Սուդանի արդյունահանող ենթակառուցվածքներում և Սուդանի նավթամուղներում Չինաստանն արդեն հարյուրավոր միլիոն դոլարի ներդրումներ է կատարել։ Սակայն երկու Սուդանների լարված հարաբերությունների, երբեմն նաև ռազմական բախումների պատճառով Պեկինն առերեսվել է մատակարարումների ընդհատումների խնդրին։