Հետճգնաժամային գործազրկություն


Վերջին շրջանում գլոբալ աշխատաշուկայում իրավիճակը զգալիորեն վատթարացել է, իսկ աշխատատեղերի դեֆիցիտը 50 մլն-ով գերազանցել է նախաճգնաժամային մակարդակը։ Այսպիսի տվյալներ է պարունակում Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) երեկ հրապարակած զեկույցը։ Ըստ ԱՄԿ-ի՝ 2011թ. վերջին գլոբալ զբաղվածության մակարդակը կազմել է 60,3%, ինչը 0,9%-ով զիջում է նախաճգնաժամային ցուցանիշին։
Զեկույցի հեղինակների կարծիքով՝ առաջիկա երկու տարիներին համաշխարհային տնտեսությունն արագ տեմպերով չի աճի, ինչը թույլ չի տա ծածկել ոչ միայն աշխատատեղերի առկա դեֆիցիտը, այլև աշխատանքով ապահովել այս ժամանակահատվածում արդեն գործազուրկ դարձած ևս 80 մլն մարդկանց։
ԱՄԿ-ն մտահոգված է հատկապես Եվրոպայում տիրող իրադրությամբ, քանի որ սկսած 2010-ից՝ եվրոպական երկրների գրեթե երկու երրորդում անընդմեջ աճել է գործազրկության մակարդակը։ Զբաղվածության մակարդակի վերականգնման թույլ տեմպեր են արձանագրել նաև ԱՄՆ-ը և Ճապոնիան։ Զարգացած երկրներում գործազրկության մակարդակը երիտասարդության շրջանում աճել է մինչև 80%, զարգացող երկրներում՝ մինչև 70%։
Ըստ զեկույցի՝ անգամ նոր ստեղծվող աշխատատեղերի դեպքում խոսքը միայն մասնակի կամ հարկադրված մասնակի զբաղվածության մասին է։ Այս ցուցանիշը զարգացած երկրներում աճել է մինչև 60%, զարգացող երկրներում՝ մինչև 50%։ Այս ամենը, ըստ ԱՄԿ փորձագետների, հանգեցրել է նրան, որ զեկույցում ներառված 106 երկրներից 57-ում 2010-2011 թթ. աճել է հասարակական դժգոհության ինդեքսը։ Վերջինս հատուկ մշակվել է այս ուսումնասիրության համար։
Զեկույցի հեղինակները աշխատաշուկայում ստեղծված բարդ իրադրությունը, առաջին հերթին, պայմանավորում են զարգացած երկրների ֆինանսատնտեսական ներկայիս խնդիրներով։ ԱՄԿ փորձագետների կարծիքով՝ հարավեվրոպական մի շարք երկրներում խնայողության խիստ միջոցառումները հանգեցնում են աշխատատեղերի կրճատման, ընդ որում՝ հիմնական նպատակը՝ բյուջեների բալանսավորումը, ևս չի իրագործվում։
ԱՄԿ փորձագետները, մյուս կողմից, դրական են գնահատում ներքին սպառման խթանման զարգացող երկրների մարտավարությունը, ինչը փոխհատուցում է արտահանման կրճատման վնասները։ Ըստ ԱՄԿ-ի՝ Հնդկաստանում, լատինամերիկյան երկրներում, վերջերս նաև Չինաստանում աճել են աշխատավարձերը՝ համապատասխանելով աշխատանքի արտադրողականությանը։