Boeing-ի նոր գործարանն առաջին Dreamliner-ն է թողարկել

Ունենալով Boeing 787 Dreamliner-ի ավելի քան 850 նախնական պատվեր՝ կոնցեռնը երեք տարով հետ է մնում մատակարարումների գրաֆիկից։    

Մինչ այժմ Dreamliner-ը հիմնականում հավաքվում էր Վաշինգտոն նահանգի Էվերետ քաղաքի գործարանում։ Այստեղից կորպորացիան արդեն մատակարարել է այս դասի 11 ինքնաթիռ։

Ներկայում կոնցեռնն ամսական հավաքում է 3 ինքնաթիռ, սակայն Հարավային Կառոլինայի նոր գործարանի հզորությունները հաշվի առնելով, այն մտադիր է մինչև 2013թ. վերջը հասնել ամսական 10 ինքնաթիռ ցուցանիշին։

Dreamliner-ն առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 2007թ., սակայն դրա մատակարարման ժամկետները պարբերաբար հետաձգվել են՝ պայմանավորված լրամշակումներ կատարելու անհարժեշտությամբ, ինչպես նաև աշխատակիցների գործադուլներով։ Արդյունքում առաջին ինքնաթիռը All Nippon Airways պատվիրատուին մատակարարվել է 2011թ. սեպտեմբերին՝ ուղիղ 4 տարի ուշացումով։

Boeing-ի այս ինքնաթիռը կարող է առանց վայրէջքի 15 հազ. կմ թռիչքներ իրականացնել և 210-250 ուղևոր տեղափոխել։ Նրա գինը տատանվում է $150 մլն-ից $205,5 մլն-ի սահմանում։