Մարտահրավեր քաղաքացիական հասարակությանը

Մաշտոցի այգու խնդրի հետ կապված տևական ժամանակ է, ինչ կոշտ հակադրության մեջ են բնապահպան ակտիվիստներն ու իշխանությունները: Այս հակամարտությունը գագաթնակետին հասավ կիրակի, երբ ակտիվիստների նկատմամբ ոստիկանությունը ուժ կիրառեց, և նրանցից մի քանիսը հայտնվեցին ոստիկանությունում և հիվանդանոցում: Միանշանակ է, որ խնդիրը միայն բնապահպաններ-տեղական ինքնակառավարման մարմիններ տիրույթում չէ. շահագրգիռ կողմ են նաև ավելի բարձր իշխանական գերատեսչությունները:

Հետաքրքիր է, որ բնապահպանները և իշխանությունը ոչ մի կերպ չեն կարողանում խնդրին գոնե կոմպրոմիսային լուծում գտնել: Կողմերից ոչ մեկը ցանկություն չունի մեկ միլիմետր անգամ զիջել դիրքերը: Բնապահպանների պարագայում նման տրամադրվածությունը հասկանալի և առավելագույնս հիմնավրոված է, քանի որ նրանք առանց որևէ նյութական և քաղաքական շահագրգռվածության պայքարում են Մաշտոցի պուրակը պահպանելու համար: Սակայն բնապահպաններին դիմագրավելու իշխանությունների՝ այսպես ասած սկզբունքային դիրքորոշումը անհասկանալի է:

Հաստատապես կարելի է ասել, որ Մաշտոցի այգում տեղադրված առևտրային տաղավարները չեն կարող ապահովել այնպիսի մեծ ֆինանսական եկամուտներ, հանուն որի հայրենի իշխանությունները ոչ մի քայլ չեն ցանկանում զիջել: Օրինակ, Թեղուտի հանքի շահագործման դեպքում խոսքը հարյուրմիլիոնավոր դոլարների մասին է, և բնական է, որ բոլոր օրինական և հակաօրինական միջոցներով փորձելու են հասնել հանքի՝ իրենց համար շահավետ տարբերակով շահագործմանը: Այսինքն՝ Թեղուտի պարագայում մոտիվացիան հասկանալի է, այլ հարց է՝ այն ընդունելի՞ է, թե՞ ոչ: Այսինքն՝ Մաշտոցի այգու առևտրային տաղավարները ատամներով պաշտպանելը, կարելի է ասել, որ պայմանավորված չէ ֆինանսական ակնկալիքներով:

Եթե ֆինանսական շահը չէ, ապա շատ հնարավոր է, որ գոյություն ունեն այլ տիպի շահեր, օրինակ՝ քաղաքական: Ըստ մամուլի տեղեկությունների՝ այդ տաղավարները պատկանում են իշխանությանը մոտ կանգնած մարդկանց և բարձրաստիճան պաշտոնյաների: Հնարավոր է, որ ընտրությունների նախաշեմին չեն ցանկանում նեղացնել այդ մարդկանց, որոնք իրենց մեթոդներով կարող են ձայներ ապահովել իշխող կուսակցության օգտին: Իսկ ընտրություններից հետո հնարավոր կլինի կա՛մ կոշտ մեթոդներով հաշվեհարդար տեսնել բնապահպանների հետ, կա՛մ լեզու գտնել տաղավարաների սեփականատերերի հետ:

Հնարավոր է, որ իշխանությունը Մաշտոցի պուրակում չի հետապնդում ո՛չ նյութական և ո՛չ էլ քաղաքական առանձնապես կարևոր շահեր: Վերջին տարիներին քաղաքացիական հասարակությունը տարատեսակ փոքր «ճակատամարտերում» իշխանությանը հիմնականում պարտության է մատնել: Այս հաղթարշավը օրինաչափության է վերածվել, որը գեներացնում է տարաբնույթ քաղաքացիական շարժումներ և ակտիվություն հաղորդում նրանց: Նման որակներ կրող քաղաքացիական հասարակության հզորացման մեջ իշխանությունը կարող է իրական վտանգ տեսնել:

Քիչ չեն այնպիսի դեպքերը, երբ քաղաքացիական շարժումները սկսել են քաղաքական պահանջներ առաջադրել, ինչը շատ ավելի վտանգավոր կարող է լինել իշխանության համար, քան քաղաքական ընդիմության գործունեությունը: Հավանաբար այսպիսի վախերից դրդված է իշխանությունն իր վերարտադրության գործընթացի անխափան ընթացքի համար որոշել հենց Երևանի սրտում խեղդել քաղաքացիական դիմադրության օջախը: Եթե այդպես է, ապա լուրջ մարտահրավեր է նետվել քաղաքացիական հասարակությանը: