Հայտնաբերվել է «Փոքրիկ արքայազնի» սևագիր տարբերակը

Ֆրանսիայում հայտնաբերվել է Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ արքայազնը» հեքիաթի ձեռագիր տարբերակը: Հեքիաթի սևագրի տերը նույնիսկ տեղյակ չէր, որ իր հավաքածուում նման արժեքավոր նմուշ կա: «Արտկուրիալ» աճուրդի տունը հաստատել է գտնված ձեռագրի իսկությունը և այն գնահատել 40-50 հազար եվրո: Անտուան դե Սենտ Էքզյուպերիի հանրահայտ հեքիաթի ձեռագիր տարբերակը վաճառքի կդրվի մայիսի 16-ին:

Ուշագրավ է, որ նմուշը կարող էր ուշադրության չարժանանալ, եթե ձեռագրի ուսումնասիրության ընթացքում չպարզվեր, որ «Փոքրիկ արքայազնի» վերջնական տարբերակում ներառված չեն մի քանի գլուխներ: Սևագիր տարբերակի 17-րդ և 19-րդ գլուխներում կան հատվածներ, որոնք ինչ-ինչ պատճառներով հեղինակը չի ընդգրկել 1943թ. հրատարակված գրքում: Մասնավորապես` ձեռագրում կա մի մաս, որը պատմում է հեքիաթի գլխավոր հերոսի` Երկիր կատարած այցի մասին. «Եթե մենք հավաքենք այս մոլորակի բոլոր բնակիչներին կողք կողքի` սպիտակամորթներին, դեղնամորթներին, սևամորթներին, երեխաներին, ծերերին, կանանց և տղամարդկանց` բոլորին առանց բացառության, ողջ մարդկությունը կտեղավորվի Լոնգ Այլենդի տարածքում»: Ատլանտիկ օվկիանոսում գտնվող կղզու հիշատակումը բացահայտում է այն գաղտնիքը, թե որտեղ է Էքզյուպերին գրել այս ստեղծագործությունը. ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել Նյու Յորքում:

Մեկնաբանել