Կրքեր ըստ գնդապետի

Ֆրանսիայում նախագահական ընտրարշավը դատարան է հասել։

Փոխադարձ լեզվակռիվները երկրորդ պլան են մղվել՝ տեղը զիջելով ավելի լուրջ վիճաբանություններին։ Խոսքը Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի՝ Նիկոլա Սարկոզիի 2007թ. ընտրարշավի ֆինանսավորման սկանդալի մասին է, գրում է Euronews-ը։

Նախօրեին ֆրանսիական Mediapart ինտերնետ պորտալը հրապարակել էր մի փաստաթուղթ, համաձայն որի՝ գնդապետ Կադաֆին Սարկոզիի 2007թ. նախագահական արշավի համար €50 մլն է հատկացրել։ Ֆրանսիայի նախագահը երեկ կայքին մեղադրել է զրպարտության մեջ՝ փաստաթուղթն անվանելով «կեղծիք», իսկ պորտալը՝ «չարախանութ», և սպառնացել հայց ներկայացնել Mediapart-ի դեմ։ «Մենք հայց կներկայացնենք Mediapart-ի դեմ։ Այդ փաստաթուղթը մեծ կեղծիք է»,– ասել է Սարկոզին։

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սարկոզիի մրցակից Ֆրանսուա Օլանդը պահանջել է ֆինանսավորման գործով հետաքննություն սկսել։

Նշենք, որ Մուամար Կադաֆիի՝ Սարկոզիի նախընտրական արշավի ֆինանսավորման մասին առաջին անգամ անցյալ տարվա մարտին հայտարարեց գնդապետի որդի Սեյֆ ալ Իսլամը։ Նա Ֆրանսիայի նախագահից պահանջում էր հետ վերադարձնել նախագահական արշավի համար հատկացված գումարները։

Հետաքրքրական է, որ չնայած այս սկանդալին՝ Սարկոզիի վարկանիշն աճում է։ Վերջին հարցումները նրա համար նախասահմանում են ֆրանսիացիների 47%-ի աջակցությունը՝ նախկին 46%-ի փոխարեն։ Սարկոզիին Ելիսեյան պալատի ղեկավար ավելի ու ավելի շատ են ցանկանում տեսնել կենտրոնամետ Ֆրանսուա Բայրուի ընտրողները։ Ուլտրաաջ «Ազգային ճակատ»-ի ղեկավար Մարին Լե Պենը դեռ չի շտապում հուսադրել ո՛չ Սարկոզիին, ո՛չ էլ Օլանդին։ Ակնկալվում է՝ նա իր նախընտրությունների մասին կխոսի մայիսի 1-ին, երբ «Ազգային ճակատ»-ի կողմնակիցները ավանդական ցույցի դուրս գան Փարիզում։

Մեկնաբանել