Փողոց՝ Նյու Յորքից մինչև Սիդնեյ

Մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային օրը, «Գրավի՛ր Ուոլ սթրիթը» շարժման ակտիվիստները բողոքի համընդհանուր ցույցեր կանցկացնեն աշխարհի տարբեր մասերում, հաղորդում է Bloomberg-ը։

Կազմակերպիչները հույս ունեն, որ համատեղ ջանքերը շարժմանը ձմեռային դադարից հետո նոր թափ կհաղորդեն։ Շարժման՝ Տորոնտոյի, Բարսելոնի, Լոնդոնի, Կուալա-Լումպուրի, Սիդնեյի, ինչպես նաև նրա «հայրենիք» ԱՄՆ-ի ավելի քան 115 քաղաքների բջիջների կայքերում հաղորդագրություններ են տեղադրվել, որոնք ցույցին մասնակցելու, ինչպես նաև դպրոց, բանկ, խանութ չգնալու կոչեր են պարունակում։

Նախատեսված է, որ Նյու Յորքում շարժման մասնակիցներին միանալու են մի շարք արհմիություններ և քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություններ։ «Գրավի՛ր Ուոլ սթրիթ»-ի մասնակիցները ԱՄՆ-ի ժամանակով առավոտյան ժամը 8։00-ին երթով շարժվելու են դեպի «Բրայանթ» այգի, որտեղ գտնվում է Bank of America-ն։

Շարժման կազմակերպիչները բոլորին կոչ են արել մասնակցել նախաձեռնությանը և այս կամ այն կերպ բողոքի իրենց ձայնը հայտնել գործող համակարգի դեմ։

Իրավապահ մարմինները ևս նախապատրաստվում են ցույցերին։ Ըստ Նյու Յորքի ոստիկանական վարչության մամուլի քարտուղար Պոլ Բրաունի՝ ոստիկանությունը արտոնված ցույցերի վերահսկման անհրաժեշտ փորձ ունի և կարող է կանխել դրանց վերածումը անօրինական միջոցառման։