Բարաք Օբաման հանդես է եկել հումորիստի դերում

Բազմաթիվ հոլիվուդյան աստղեր ապրիլի 28-ին հյուրընկալվել են Սպիտակ տանը: Դրա համար առիթ է հանդիսացել Սպիտակ տան գործունեությունը լուսաբանող թղթակիցների համար կազմակերպված երեկույթը: Ըստ ավանդույթի` այս ընթրիքներն անցնում են հումորային մթնոլորտում, և նախագահն իր ելույթի ժամանակ ծաղրում է ինքն իրեն:

«Հիլթոն» հյուրանոցում այդ երեկո կարելի էր տեսնել հայտնի դերասանների և դերասանուհիների, լրագրողների ու բարձրաստիճան պաշտոնյաների: Գլխավոր «հերոսը» Բարաք Օբաման էր, որը հայտարարել է, թե որքան է նման նախագահական մրցապայքարի իր ամենագլխավոր մրցակցին`Միթ Ռոմնիին:

«Մենք երկուսս էլ կարծում ենք, որ մեր կանայք մեր լավագույն կեսերն են, և ամերիկացիների հարցումները նույնպես այդ մասին են վկայում: Երկուսս էլ ավարտել ենք Հարվարդի համալսարանը, ընդ որում` ես մեկ հարվարդյան դիպլոմ ունեմ, իսկ նա` երկու», – ասել է Օբաման: Ընթրիքի հատուկ հյուրն էր АВС հեռուստաալիքի հաղորդավար Ջիմմի Քիմելը, որն իր խոսքում անդրադարձել է վերջերս տեղի ունեցած սկանդալին` կապված ԱՄՆ-ի գաղտնի ծառայության աշխատակիցների և կոլումբիական մարմնավաճառների հետ: Մատնանշելով կոլումբիացի դերասանուհի Սոֆյա Վերգարային` նա ասել է. «Նայեք Սոֆյային, նա Կոլումբիայից է, և այդ երկրում ապրող կանայք այսպիսի տեսք ունեն: Ուրիշ ի՞նչ կարելի էր ակնկալել գաղտնի ծառայության աշխատակիցներից»:

Սպիտակ տանը հյուրընկալված հոլիվուդյան մյուս աստղերի շարքում էին Ջորջ Քլունին, Քիմ Քարդաշյանը և Սթիվեն Սփիլբերգը: Նշենք, որ ընթրիքի ողջ հասույթն ուղղվում է լրագրողների կրթաթոշակների և մասնագիտական մրցանակների տրամադրմանը: