Ռուսների ու հնդիկների հաշվին

Նախօրեին բրիտանական Sunday Times-ը հրապարակել է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակիչների ամենամյա վարկանիշը՝ The Sunday Times Rich List 2012-ը։ Ցուցակը կազմելիս պարբերականը հիմք է ընդունել մեծահարուստների ոչ թե բանկային հաշվեհամարների կանխիկ միջոցները, այլ նրանց ունեցվածքը՝ անշարժ գույքը, բաժնետոմսերը և այլն։
Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակիչների վարկանիշը գլխավորում է պողպատաձուլական մագնատ, հնդիկ Լակշմի Միտալը։ The Sunday Times-ը նրա ունեցվածքը գնահատել է 12,7 մլրդ ֆունտ ստեռլինգ (մոտ $20,6 մլրդ)։ Հատկանշական է, որ գործարարն արդեն յոթերորդ անգամ է գլխավորում այս վարկանիշը, չնայած վերջին մեկ տարվա ընթացքում նա աղքատացել է 4,8 մլրդ ֆունտ ստեռլինգով ($7,68 մլրդ)։
Վարկանիշի երկրորդ և երրորդ հորիզոնականներում ռուս գործարարներ Ալիշեր Ուսմանովն ու Ռոման Աբրամովիչն են։ Mail.Ru Group-ի, «Մետալոինվեստ»-ի և «Մեգաֆոն»-ի սեփականատեր Ուսմանովի կարողությունը հանդեսը գնահատել է 12,3 մլրդ ֆունտ ստեռլինգ (ավելի քան $20 մլրդ)։ Նրան հաջորդում է Millhouse Capital հոլդինգի և «Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբի սեփականատեր Աբրամովիչը՝ 9,5 մլրդ ֆունտ ստեռլինգ ($15,4 մլրդ) կարողությամբ։
Վարկանիշում Աբրամովիչին հաջորդում են հնդիկ Սրի և Գոպի Հինդուջա եղբայրները՝ 8,6 մլրդ ֆունտ ստեռլինգ ($13,76 մլրդ) կարողությամբ և ռուսական ծագմամբ ամերիկացի գործարար Լեոնարդ Բլավատնիկը՝ 7,5 մլրդ ֆունտ ստեռլինգ ($12 մլրդ) ունեցվածքով։
Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կին է ճանաչվել «Միսս Մեծ Բրիտանիա-1988» կոչմանն արժանացած Քիրստի Բերտարելին։ The Sunday Times-ը վերջինիս և նրա ամուսնու՝ շվեյցարացի գործարար Էռնեստո Բերտարելիի ունեցվածքը գնահատել է 7,4 մլրդ ֆունտ ստեռլինգ (մոտ $12 մլրդ)։ Բերտարելի ամուսինները վարկանիշի վեցերորդ հորիզոնականում են։
Ցուցակի ամենահարուստ բրիտանացին Վեսթմինսթերի հերցոգն է՝ 7,35 մլրդ ֆունտ ստեռլինգ ($11,9 մլրդ) կարողությամբ։ Նա ցուցակի յոթերորդ հորիզոնականում է։
Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակիչների լավագույն տասնյակը եզրափակում են Դեյվիդ և Սայմոն Ռուբեն եղբայրները՝ 7 մլրդ ֆունտ ստեռլինգ ($11,2 մլրդ), գործարար Ջոն Ֆրեդիկսենը՝ 6,6 մլրդ ֆունտ ստեռլինգ ($10,56 մլրդ), Գալեն և Ջորջ Ուեսթոնները՝ 5,9 մլրդ ֆունտ ստեռլինգ ($9,44 մլրդ) կարողությամբ։
Վարկանիշում նաև սըր Փոլ Մակ-Քարթնիի անունն է, որը վերջերս է ամուսնացել նավաշինական մագնատի դստեր ամերիկացի Նենսի Շեվելի հետ։ Մակ-Քարթնին հայտնվել է նաև ամենահարուստ բրիտանացի երաժիշտների եռյակում։ Ամուսինների համատեղ ունեցվածքը պարբերականը գնահատել է 665 մլն ֆունտ ստեռլինգ (ավելի քան $1 մլրդ)։ Ցուցակում Մակ-Քարթնիից առաջ են անցել ձայնագրման բիզնեսի մագնատ Կլայվ Կոլդերը՝ 1,35 մլրդ ֆունտ ստեռլինգով ($2,16 մլրդ), և մյուզիքլների պրոդյուսեր սըր Կամերոն Մակինտոշը՝ 725 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ $1,2 մլրդ) կարողությամբ։
Ամենահարուստ երիտասարդ երաժիշտ է ճանաչվել 23-ամյա երգչուհի Ադելը՝ 20 մլն ֆունտ ստեռլինգ ($32 մլն) կարողությամբ։ Հանդեսը ամենահարուստ երիտասարդ դերասան է ճանաչել Հարի Փոթերի դերակատար Դանիել Ռեդքլիֆին՝ 54 մլն ֆունտ ստեռլինգ ($86,4 մլն)։