Ստորագրվել է հայ-կիպրական ռազմական համագործակցության ծրագիր

Ապրիլի 29-ից մայիսի 2-ը Հայաստանում է գտնվում Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի կիպրական մասի համանախագահ Խրիստաս Մալիկկիդիսի գլխավորած պատվիրակությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում այսօր նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը` հանձնաժողովի հայկական մասի համանախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանի նախագահությամբ: Նիստում քննարկվել է հանձնաժողովի ազգային մասերի լիազորությունների շրջանակը և հետագա աշխատանքների իրականացման կարգը, ներկայացվել են երկու երկրների կարիքներն ու հնարավորությունները, սահմանվել է ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության շրջանակը:

Նիստի ավարտին Խրիստաս Մալիկկիդիսը և Ալիկ Միրզաբեկյանը ստորագրել են հայ-կիպրական միջազգային ռազմական համագործակցության 2012 թ. ծրագիրը:

Այսօր միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա ընդգծել է երկու երկրների ռազմաքաղաքական ամուր կապերը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության լայն հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է այն հանգամանքը, որ Հայաստանն ու Կիպրոսը, ունենալով սահմանափակ ռեսուրսներ, միատեսակ մարտահրավերներ, միջազգային հարաբերությունների շրջանակներում կարևոր դեր ունեն կատարելու և գործում են փոխհամաձայնեցված:

Մեկնաբանել