Մոբիլիզացիա ըստ Մարշալի

Եվրահանձնաժողովն աշխատում է Եվրամիության երկրներում ներդրումային ու մոբիլիզացիոն լայնամասշտաբ ծրագրի վրա, որը կարող է մինչև €200 մլրդ արժենալ։

Նախագիծը կրում է «Մարշալի պլան» աշխատանքային անվանումը՝ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջորջ Մարշալի անվամբ, որը 1940-ականների վերջին հեղինակել է Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպային հատկացվող օգնության ծրագիրը: Ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը նախագիծը կներկայացնի Բրյուսելում՝ հունիսի 28-29-ը կայանալիք ԵՄ գագաթաժողովին:

Համաձայն եվրոպական լրատվամիջոցների՝ միջոցները կհատկացնեն Եվրոպական ներդրումային բանկը և մասնավոր ներդրողները՝ Ֆինանսական կայունության եվրոպական մեխանիզմի (ESM) երաշխավորմամբ։ Խոսքը, մասնավորապես, €12 մլրդ-ի մասին է, որը ESM-ն չի օգտագործել եվրոգոտու երկրների աջակցության նպատակով, և որը կոչված է երաշխավորելու ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը՝ պետական և մասնավոր կապիտալի մասնակցությամբ։

ԵՄ ներդրումային բանկի միջոցների համալրման տարբերակ կարող է դառնալ միության անդամ երկրների կողմից ընդհանուր առմամբ €10 մլրդ-ի համաժամանակյա ներդրումը։ Մյուս կողմից, հաշվի առնելով եվրոգոտու երկրների պարտքային խնդիրները, սա քիչ հավանական սցենար է, նշում են փորձագետները։