Չինաստանը կարող է ապահովագրել իրանական նավթ փոխադրող հեղուկանավերը

Այս քայլը Չինաստանին պետք է թույլ տա իրանական նավթ մատակարարել այն բանից հետո, երբ 2012թ. հուլիսին ուժի մեջ կմտնեն Իրանի նկատմամբ Եվրամիության նոր պատժամիջոցները։

Եվրամիության նոր պատժամիջոցները, որոնք նավթային էմբարգո են նախատեսում Իրանի նկատմամբ, նաև արգելում են եվրոպացի ապահովագրողներին ապահովագրել իրանական նավթ փոխադրող հեղուկանավերը։ Ընդ որում՝ նմանատիպ ապահովագրություն տրամադրող ընկերությունների ճնշող մեծամասնությունը (մոտ 90%-ը) կենտրոնացած է Արևմուտքում։ Այս կապակցությամբ եվրոպական պատժամիջոցները կարող են զգալիորեն ազդել իրանական նավթի մատակարարումների վրա Ասիայի երկրներ՝ Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա և Հարավային Կորեա։ Նշենք, որ իրանական նավթի արտահանման մեծ մասը՝ օրական 2,2 մլն բարել, բաժին է ընկնում հենց Ասիայի երկրներին։

2011-ի հոկտեմբերի սկզբից «սև ոսկու» համաշխարհային գներն աճել են մոտ 20%-ով՝ մասամբ մտավախությունների ֆոնին՝ կապված Իրանից նավթի մատակարարումների հնարավոր ընդհատումների հետ։ «Ծովային բեռնափոխադրմամբ զբաղվող ընկերությունները մտագոհ են, որ եթե հեղուկանավերի ապահովագրման խնդիրը չլուծվի, իրենք այլևս չեն կարողանա ընդունել իրանական նավթի մատակարարման պատվերներ։ Մենք տվյալ տեղեկատվությունը հաղորդել ենք համապատասխան պետական գերատեսչությանը, որը ներկայում դիտարկում է այս հարցը»,- իրադրությունը մեկնաբանել են նավատերերի չինական ասոցիացիայի ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ 2012թ. հունվարի վերջին Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հավանություն տվեցին Իրանի նկատմամբ նավթային էմբարգոյին, որն ամբողջությամբ պետք է ուժի մեջ մտնի այս տարվա հուլիսի 1-ին։