NYSE Euronext-ի զուտ շահույթը կրճատվել է 32%-ով

2012թ. 1-ին եռամսյակում Նյու Յորքի NYSE Euronext (New York Stock Exchange) առևտրային հարթակի զուտ շահույթը տարեկան կտրվածքով կրճատվել է 32%-ով՝ մինչև $121 մլն։

Ընկերությունում բացասական այս միտումը պայմանավորում են առևտրաշրջանի տեմպերի դանդաղմամբ և գերմանական Deutsche Boerse-ի հետ միաձուլման գործարքի տապալմամբ, հաղորդում է Reuters-ը։ Հասույթը  նվազել է 17%-ով՝ մինչև $952 մլն։        

«1-ին եռամսյակի արդյունքներն արտացոլում են շուկայական խնդիրները, որոնք ի հայտ են եկել դեռ անցած տարի, պահպանվել են ընթացիկ տարում և, ըստ ամենայնի, կարճաժամկետ հեռանկարում ևս կշարունակեն ազդել»,- նշում է NYSE Euronext-ի ղեկավար Դունկան Նիդերաուերը։ Վատագույն իրադրությունը ձևավորվել է դերիվատիվների շուկայում. տարեսկզբից ի վեր դրանց հասույթը կրճատվել է մեկ քառորդով՝ մինչև $176 մլն։

Բաժնետոմսերի շուկայում անկումը կազմել է 7%։ Համապատասխան ցուցանիշը նվազել է $304 մլն-ով։ NYSE Euronext-ի՝ տեղեկատվության և տեխնոլոգիաների հետ կապված բիզնեսն աճել է 4%-ով՝ մինչև $212 մլն։ 

Նշենք, որ NYSE Euronext-ը մտադիր է 2013թ. ամռանը իր բրիտանական բիզնեսը նոր հարթակը տեղափոխել՝ ստեղծելով հատուկ ստորաբաժանում։ 2011-ի տարեվերջին տեղեկություններ հայտնվեցին, որ այն մտադիր է գնել NYSE Euronext-ի գլխավոր մրցակիցը՝ Լոնդոնի ֆոնդային բորսան։  

Հիշեցնենք, որ NYSE Euronext-Deutsche Boerse գործարքը չկայացավ  Եվրամիության հակամենաշնորհային մարմինների արգելափակման հետևանքով։ Գործարքի կայացման դեպքում կստեղծվեր  համաշխարհային խոշորագույն բորսայական օպերատորը՝ ըստ շուկայական կապիտալիզացիայի ցուցանիշի ($25,9 մլրդ): Նոր օպերատորը կգերազանցեր համաշխարհային ներկայիս առաջատար Հոնգ Կոնգի Hong Kong Exchanges & Clearing առևտրային հարթակին ($24,9 մլրդ շուկայական կապիտալիզացիայով): Ստեղծվելիք առևտրային հարթակը խոշորագույնը կլիներ նաև բաժնետոմսերի և դերիվատիվների վաճառքի ցուցանիշով: