Եվրոպացի պաշտոնյաները չեն մեկնի Ուկրաինա

Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսը հրաժարվել է մասնակցել Կենտրոնական Եվրոպայի պետությունների ղեկավարների՝ մայիսի կեսին Յալթայում կայանալիք գագաթաժողովին՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի շուրջ սկանդալի պատճառով։
Այսպիսով՝ Կլաուսը եվրոպական արդեն երկրորդ նախագահն է, որը հրաժարվում է մասնակցել գագաթաժողովին։ Ավելի վաղ միջոցառմանը չմասնակցելու մասին հայտարարել էր Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը։

Հիշեցնենք, որ Տիմոշենկոն մեղադրվում է 2009թ. ռուս-ուկրաինական գազային պայմանագրի ստորագրման ընթացքում պաշտոնական դիրքի չարաշահման համար և դատապարտված է յոթ տարվա ազատազրկման։ Ապրիլի կեսին սկսվել է նրա դեմ հարուցված քրեական նոր գործի դատավարությունը։ Նա մեղադրվում է «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կորպորացիայի՝ 1995-1997 թթ. (իր ղեկավարման տարիներին) ֆինանսական չարաշահումների մեջ։ Ապրիլի 20-ին Տիմոշենկոն հացադուլ էր հայտարարել՝ որպես բողոքի նշան Կաչանովյան գաղութից հիվանդանոց տեղափոխվելու ընթացքում իրավապահների կողմից իր նկատմամբ գործադրված բռնությունների դեմ։

Օրերս ուկրաինական և միջազգային մամուլում հրապարակվել են Տիմոշենկոյի մարմնի վրա կապտուկների առկայությունն ապացուցող լուսանկարներ։ Ավելի վաղ գերմանական մի շարք պարբերականներ, մասնավորապես՝ Spiegel-ը, հաղորդել էին, թե կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է քաղաքական բոյկոտ հայտարարել Ուկրաինայում անցկացվելիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը, եթե Տիմոշենկոն մինչ այդ բանտից չազատվի։ Reuters-ի հաղորդմամբ՝ երեկ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գեորգ Շտրայտերը հայտարարել է, թե Մերկելի այցը Ուկրաինա կախված կլինի նաև Տիմոշենկոյի ճակատագրից։
Գերմանիայի բնապահպանության նախարար Նորբերտ Ռետգենը ևս գերմանացի բոլոր քաղաքական գործիչներին կոչ է արել բոյկոտել Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Համանման հայտարարությամբ հանդես են եկել նաև գերմանացի մի շարք այլ քաղաքական գործիչներ։

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն ևս մտադիր չէ Եվրո-2012-ին այցելել Ուկրաինա։ Երեկ այս մասին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, հայտարարել է կառույցի պաշտոնական ներկայացուցիչ Պիա Արենկիլդե Հանսենը։
Ուկրաինայի արտգործնախարարությունը, իր հերթին, արձագանքել է եվրոպացի պաշտոնյաների այս հայտարարություններին և որոշումներին։ Մասնավորապես՝ նախարարության ներկայացուցիչ Օլեգ Վոլոշինը նշել է, թե ցանկալի չէր լինի հավատալ հանգամանքին, որ գերմանացի քաղաքական գործիչները կարող են կիրառել «սառը պատերազմի» մեթոդները և սպորտը դարձնել քաղաքականության գերի։