Պայքար առանց գաղափարի

Խորհրդարանական այս ընտրությունների քարոզարշավի բնորոշիչներից մեկն այն է, որ այն ընթանում է առանց քաղաքական և ծրագրային բանավեճերի, հետևաբար՝ բացակայում է քաղաքական պայքարը: Տարօրինակ է, որ մինչև հիմա իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել ընդամենը մեկ բանավեճ, որը վերածվեց լեզվակռվի:

Բանավեճից խուսափող ուժը հիմնականում ՀՀԿ-ն է, որը հրաժարվում է դուրս գալ հրապարակային բանավեճի հարթակ և հենց այդտեղ համոզել քաղաքացիներին, որ հավատալով՝ կարելի է փոխել: Այդ ուժը նախընտրում է իր առաջնորդի մակարդակով մենախոսությամբ զբաղվել՝ բացառելով անցանկալի հարցերին պատասխանելու հնարավորությունը:

Քաղաքական պայքարի բացակայությունը կարելի է մեկնաբանել ցածր քաղաքական մշակույթով և քաղաքական ինստիտուտների չկայացածությամբ: Սակայն հազիվ թե նշված հանգամանքները լինեն քաղաքական պայքարի բացակայության հիմնական պատճառը: Ավելի շուտ կարելի է ենթադրել, որ իշխող կուսակցությունը ուղղակիորեն խոչընդոտում է նման պայքարի ծավալմանը: Բնական է՝ երբ երկրի կառավարման համար պատասխանատու ուժը հրաժարվում է հրապարակային բանավեճերից, մյուս ուժերի միջև ընթացող քաղաքական բանավեճը չի կարող ստեղծել քաղաքական պայքարի համար անհրաժեշտ հիմքեր:

ՀՀԿ-ի խուսափողական մարտավարությունը կարող է պայմանավորված լինել անվստահությամբ և ընդհանրապես քաղաքական պայքարից խուսափելու մարտավարությամբ: Քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ի և նրա առաջնորդի հասցեին հնչել են բազմաթիվ քննադատություններ, որոնց շատ դժվար կլիներ պատասխանել հրապարակային բանավեճի դեպքում: Անվստահությունը հավանաբար գալիս է հենց այս գիտակցումից: Բացի այդ, իշխանությունը ձգտում է քաղաքական դաշտը տեղավորել այնպիսի սահմաններում, որտեղ գերիշխում են ոչ թե գաղափարներն ու ծրագրերը, այլ «զոռբայությունը», ընտրակաշառքը, վարչական ռեսուրսի չարաշահումն ու կրիմինալը: Այս տիրույթում իշխանությունը անհամեմատ հզոր է բոլոր ուժերից:

Ինչ-որ առումով ՀՀԿ-ն նույնիսկ ազնվություն է դրսևորում՝ հասկացնելով, որ ընտրությունները չի դիտարկում որպես քաղաքական պայքար: Իսկ եթե մյուս քաղաքական ուժերը ցանկանում են ընտրությունների միջոցով դրական փոփոխություների հասնել, ապա պետք է, որ բոլոր հնարավոր միջոցներով ՀՀԿ-ին բերեն քաղաքական հարթություն կամ գոնե նրա հետ չմրցակցեն կրիմինալի, ընտրակաշառքի կամ վարչական ռեսուրսի տիրույթում: ՀՀԿ-ի հետ պայքարելով նրա իսկ թելադրած կանոններով՝ կնշանակի ուղղակիորեն լեգիտիմացնել այդ կուսակցության գործիքները և նրան հնարավորություն ընձեռել առավել անկաշկանդ գործել:

Մեկնաբանել