Հայաստանը ստացել է 4.5 մլն դոլարի դեղորայքի նվիրատվություն

ԱՄՆ կառավարության մարդասիրական օգնության ծրագրի շրջանակներում Հայաստան է ժամանել դեղորայքի երկու կոնտեյներ, որոնց ընդհանուր արժեքը 4.5 մլն դոլար է: Ինչպես տեղեկացնում է ՀՀ-ում ԱՄՆ դեպանատան լրատվական ծառայությունը, մաքսազերծումից հետո դեղամիջոցներն առաքվել են ԱՄՆ-ի գործընկեր «Միջազգային օգնություն և զարգացում»  կազմակերպությանը հետագա բաշխման համար: Արդեն 12 տարի է վերջինս աշխատում է Հայաստանի տեղական կլինիկաների հետ` բաշխելով անվճար դեղամիջոցներ հասարակության առավել խոցելի խմբերին, այդ թվում` նաև տարեցներին ու երեխաներին:

Այս բեռը, որը նվիրաբերվել է ամերիկյան ընկերությունների կողմից, խոշորագույններից մեկն է վերջին 20 տարիների ընթացքում և ընդգրկում է մեծ պահանջարկ ունեցող դեղորայք` նախատեսված հիպերտոնիա, շաքարախտ և այլ հիվանդությունների բուժման համար:

ԱՄՆ պետդեպարտամենտը տրամադրում է մարդասիրական աջակցություն նախկին Խորհրդային Միության երկրներին 1992-ից: Այն բազմակողմանի է և ներառում է տարբեր ապրանքների, դեղամիջոցների ու սննդի նվիրատվություն, ինչպես նաև փոքր վերանորոգման ծրագրեր: Մինչ օրս Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնությունը գնահատվում է ավելի քան 410 մլն դոլար: