ՀՀ նախագահն այցելել է Կոտայքի մարզ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Նա այցելել է Քասախի հիմնանորոգված մշակույթի տուն, ծանոթացել պետական բյուջեի միջոցներով և համայնքի համաֆինանսավորմամբ կատարված աշխատանքներին: 1972թ. կառուցված և երբևէ չվերանորոգված Քասախ համայնքի մշակույթի տունը հիմնանորոգումից հետո դարձել է ժամանակակից պահանջներին համապատասխանող մշակութային հաստատություն, որից օգտվում են Քասախի արվեստի դպրոցը, Մշակույթի կենտրոնը, Քասախ համայնքի գրադարանն ու մարզասրահը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սերժ Սարգսյանն այցելել է նաև Եղվարդում գտնվող «Մանանա Գրեյն» ընկերության համակցված կերերի գործարան, ծանոթացել հացահատիկային կուլտուրաների արտադրությամբ զբաղվող այս ընկերության ընթացիկ աշխատանքներին և զարգացման ծրագրերին: Իսկ մարզի Գողթն համայնքում նախագահն այցելել է «Էկոտոմատո» ընկերության վարդերի աճեցման ջերմոցային տնտեսություն, ծանոթացել ընկերության կողմից կատարված ներդրումային ծրագրերին և տնտեսությունում իրականացվող աշխատանքներին: