Մայիսի 1-ը կտոնի նաև կենդանաբանական այգին

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այդ օրը երեխաների մուտքը կենդանաբանական այգի կլինի անվճար. տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:

Առավոտյան ժամը 9:00-ից այգու մուտքի մոտ երեխաներին կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները: Թատերական ու երաժշտական միջոցառումները կսկվեն ժամը 11:00-ից և կշարունակվեն մինչև 16:00-ը: Օրվա տարբեր ժամերի այգում իրականացվող «Կենդանիների կերակրում» ծրագրի շրջանակում այցելուները կարող են հետևել տարբեր կենդանատեսակների այլընտրանքային` բնականին ավելի մոտ կերակրման գործընթացին:

Կիրականացվի նաև սողունների, ծովախոզուկների և ճագարների բացօթյա տեղեկատվական ցուցադրություն, որի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն մոտիկից տեսնելու կենդանիներին, այլև իրենց հարցերն ուղղելու մասնագետներին:

Այգու տարբեր հատվածներում տեղադրված կլինեն մրցութային, տեղեկատվական տաղավարներ:  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տաղավարներում կանցկացվեն մրցույթներ, վիկտորինաներ, հաղթողները կստանան մրցանակներ (հեծանիվ, հեռադիտակ, տեսախցիկ, գրքեր և այլն): Առանձին տաղավարով կներկայանա Երևանի կենդանաբանական այգին իր «Կենդանիների խնամակալություն» և «Կենդանաբանական այգու դպրոց» ծրագրերով:

Այդ օրը երեխաներին սպասվում է գունեղ օր` լի անակնկալներով, մրցանակներով ու բազմապիսի միջոցառումներով: