Ընտրահայացք այսօրվան

Մալաթիա-Սեբաստիայում ՀՅԴ անդամ Արմեն Համբարձումյանն ասել է. «Մենք գիտենք` ինչ պետք է անենք, և ունենք կամք ու վճռականություն այն իրականացնելու»: Նա ընտրողներին հորդորել է ընտրելուց առաջ հիշել Քաջ Նազարին, Սուտլիկ Որսկանին, Թագավորին ու Չարչիին և այլ հերոսների և միանգամից պարզ կդառնա, թե ում է պետք ընտրել: Լիլիթ Գալստյանի խոսքով` ՀՅԴ-ի հեղափոխությունը արժեքների հեղափոխություն է:

«Հայաստանում պետք է ստեղծել մանր սեփականատերերի ցանց: Մենք ասում ենք. ավելի լավ է` հարյուր հոգի ունենա մեկական խանութ, քան` մեկ հոգի` հարյուր խանութ»,- ասել է ՕԵԿ առաջնորդը: Հիշեցնելով, որ երկրի սահմաններից դուրս իրենց ընտանիքի ապրուստ են վաստակում 100 հազարավոր հայ տղամարդիկ, նա ասել է. «Մենք առաջարկում ենք` այդ մարդիկ թող գնան բանակ, փող աշխատեն, դրանով իրենց ընտանիքները պահեն»:

 «Ես էլ զինվոր եմ,- Գյումրիում ասել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը,- զինվոր, որ ծառայում է իր ժողովրդին, որ ունի նաև որոշումներ ընդունելու հնարավորություն»: Այսօր ՀՀԿ-ն օգտվել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական «Ավելի շատ աշխատանք, ավելի շատ վաստակ» կարգախոսից: « Գյուղատնտեսությունը, անասնապահությունը պետք է լինի շահութաբեր, մենք վարելու ենք հենց այդպիսի քաղաքականություն, որպեսզի դուք կարողանաք ավելի լավ աշխատել ու ավելի լավ ապրել»,- ասել է նա:

ԲՀԿ-ն այսօր Գեղարքունիքի մարզում խոսել է առկա խնդիրները հաղթահարելու մասին: «Այսօր բոլոր ոլորտների հիմնական խնդիրները գիտենք, որովհետև ժողովրդի միջի մարդ ենք»,- նշել է Գագիկ Ծառուկյանը` գյուղատնտեսության, մատչելի բիզնեսի ապահովման համար խոստանալով հարմար պայմաններ: «Որոշում ընդունողը դուք եք, ոչ մեկին մի լսեք, ում որ ձեր սիրտը լսում է, նրան էլ ձեր ձայնը տվեք»,- ասել է նա:

«Սա սովորական ընտրություն չէ, սա ճակատամարտ է առանց չափազանցության, և ձեր ձայնից կախված է երկրի ճակատագիրը»,- Վանաձորյան ՀԱԿ հանդիպմանը նշել է ՀՀՇ առաջնորդ Արամ Մանուկյանը: «Էս գործը մեկ ա արվելու ա, բայց ինչքան շուտ արվի, էնքան լավ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: «Որևէ խնդիր չկա թոշակը մեկ ամսվա մեջ դարձնել 62 հազար, հետո էլ` 99 հազար»,- նշել է Հրանտ Բագրատյանը:

 «Ժառանգություն» կուսակցության անդամներից ոչ մեկն այս հինգ տարիների ընթացքում չի դարձել բենզալցակայանի, սուպերմարկետի, երթուղայինի գծի տեր. այսօր ընտրողներին հիշեցրել են: «Մեր բյուջեում կան համապատասխան միջոցներ, որ մեր տատիկներն ու պապիկները ստանան արժանապատիվ թոշակ: Իշխանությունը պիտի թե ռեսուրսները, թե եկամուտները հավասար բաժանի իր քաղաքացիների մեջ»,- նշել է Զարուհի Փոստանջյանը:

 «Մեր գաղափարները այնպիսին են, որ մենք ձգտում ենք դրանք դարձնել մասսաների սեփականություն»,- նշել է ՀԿԿ անդամ Վազգեն Սաֆարյանը` հավաստելով, որ այդ դեպքում հաստատ կընտրվեն իրենք: «Չի շահի խորհրդարանը, եթե կոմունիստները չլինեն խորհրդարանում, չի լինի առողջ երկխոսություն»,- զգուշացրել է նա:

 ՀԴԿ անդամ Արամ Գյուրջյանը նշել է, որ շատերն են իրենց դիմում` ահազանգելով ընտրակաշառքների մասին` չմասնավորեցնելով, թե ովքեր են դիմում կամ ում օգտին են ընտրակկաշառք առաջարկում: Նա փաստել է, որ շատ ավելի գործուն են անհատական հանդիպումները ընտրողների հետ` անհատական հանդիպումների կոչ անելով «ճոխ հանդիպումներ կազմակերպող» իշխող ուժերին: