Մանչեսթերյան դերբիի հաղթող «Սիթին» գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում կայացավ առաջնության կենտրոնական հանդիպումը: «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 1:0 հաշվով պարտության մատնեց «Մանչեսթեր Յունայթեդին», վաստակած 83 միավորով հավասարվեց վերջինիս ու գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Հանդիպումը շատ ակտիվ սկսեցին «Յունայթեդի» ֆուտբոլիստները, սակայն շուտով Մանչինիի սաները հավասարեցրին խաղը, իսկ առաջին խաղակեսի միջնամասում տիրեցին նախաձեռնությանն ու այլևս չզիջեցին այն:  «Քաղաքաբնակները» գնալով ուժեղացնում էին ճնշումը և վտանգավոր գրոհները հաջորդում էին մեկը մյուսին: Գոլը հասունանում էր և այն կայացավ: Առաջին խաղակեսի ավելցրած առաջին րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին գլխի հուժկու հարվածով գրավեց Դե Խեայի դարպասը:

Ընդմիջումից հետո խաղը հավասարվեց: «Սիթին» զիջեց կենտրոնը, սակայն «Յունայթդի» գրոհներն իրենց մեջ լուրջ վտանգ չէին պարունակում, իսկ «քաղաքաբնակների» հակագրոհները երբեմն խուճապ էին առաջացնում Դե Խեայի տուգանային հրապարակում: Շուտով հանդիպման լարվածությունը փոխանցվեց նաև պահեստայինների նստարան. Ալեքս Ֆերգյուսոնն ու Ռոբերտո Մանչինին վեճի բռնվեցին:

Ինչևէ, այլևս գոլեր չգրանցվեցին: 162-րդ մանչեսթերյան դերբին ավարտվեց «Սիթիի» հաղթանակով, որը կարող է նաև չեմպիոնական լինել: Պրեմիեր լիգայի ավարտից 2 տուր առաջ «Սիթին» ու «Յունայթեդը» հավասար միավորներ ունեն, այս տարի, հավասար միավորների դեպքում, Անգլիայի չեմպիոն կհռչակվի խփած և բաց թողած գնդակների ավելի լավ տարբերություն ունեցող թիմը: Այդ ցուցանիշով Մանչինիի սաները 8 գնդակով գերազանցում են մրցակցին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com