«Մաշտոցի պուրակում առարկաներ տեղադրելն իրավաչափ չէ». ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը մեկնաբանում է ապրիլի 29-ին Երևանի Մաշտոցի պուրակում կատարված միջադեպը: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդագրությունում ասվում է, որ դեռևս 2012թ. մարտի 13-ին Մաշտոցի պուրակում տեղադրված վրանը հանելուց հետո ոստիկանությունը հանրային հայտարարություններ անելու և կլոր սեղաններ անցկացնելու միջոցով տեղեկացրել էր, որ առանց հատուկ թույլտվության հասարակական վայրերում վրաններ կամ այլ առարկաներ տեղադրելն իրավաչափ չէ և դուրս է խաղաղ հավաքների անցկացման իրավունքի բովանդակությունից:

Ոստիկանությունը, մասնավորապես, նշում է. «Ապրիլի 29-ի հավաքի կազմակերպիչները և մասնակիցները քաջատեղյակ են եղել կամ առնվազն պետք է ողջամտորեն ակնկալեին, որ նման գործողությունները հանգեցնելու են համարժեք հակազդեցության (հետևանքի), որպիսի պայմաններում վրանի տեղադրման փաստն ինքնին ոստիկանությունը գնահատում է որպես միջանձնային բախումներ հրահրելու նպատակ հետապնդող հերթական սադրանք: Ոստիկանությունը, լիովին վերահսկելով իրադրությունը, համաչափության և լարվածության թուլացման սկզբունքներին համապատասխան ձեռնարկել է բացառապես իրավիճակից թելադրվող պիտանի, անհրաժեշտ և չափավոր միջոցներ, որոնք տակտիկական նկատառումներով նախ և առաջ ուղղված են եղել առճակատման և բռնության կիրառման վտանգների նվազեցմանը: Նման գործելակերպն առաջնահերթ կլինի ոստիկանության համար այնքան ժամանակ, քանի դեռ հավաքի կազմակերպիչների և մասնակիցների հակաօրինական գործողությունները չեն հանգեցնի հավաքի կարգավիճակի օբյեկտիվ փոփոխության»:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին ՀՀ ոստիկանությունը ուժի կիրառմամբ Մաշտոցի պուրակից դուրս է բերել և բերման ենթարկել վրան տեղադրող բնապահպան ակտիվիստներին:

Մեկնաբանել