Գաղափարը իրականացմանը վնաս չէ

Հայ-իրանական տնտեսական համատեղ նախագծերի մեծ մասն առ այսօր սառեցված է փաստաթղթային մակարդակում, ինչը, սակայն, չի խանգարել, որ ապրիլի 29-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը քննարկեն դրանց իրականացման ընթացքը։ Նախագծերից ամենաերկարակյացները խոստանում են էներգետիկ համակարգին առնչվողները լինել, եթե հաշվի առնենք, որ մոտ $600 մլն-ի ներդրումները պետք է ֆինանսավորի իրանական կողմը։

Էդվարդ Նալբանդյանը և Մահմուդ Ահմադինեժադը հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների, նավթամթերքների խողովակաշարի և պահեստարանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին: «Իրանի նախագահն ընդգծել է վերոհիշյալ նախագծերի իրականացման կարևորությունը»,– նշված է Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Իրանական կողմն ընդգծել է Հայաստանի հետ ազատ առևտրի գոտի սահմանելու և տնտեսական կապերն ամրապնդելու հանձնառությունը։ «Պայմաններ ստեղծելով Հայաստանի և Իրանի սահմանին ազատ առևտրի համար՝ մենք էականորեն կակտիվացնենք առևտրաշրջանառությունը և կամրապնդենք տնտեսական համագործակցությունը»,– ըստ Ազատություն ռադիոկայանի՝ հայտարարել է Իրանի նախագահը։

Նշենք, որ երկու երկրների միջև ազատ առևտրի ռեժիմի սահմանման մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2009թ.։ 2010թ. հոկտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Թեհրան այցի ընթացքում պետք է ստորագրվեր Իրանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, որն այսպես էլ չստորագրվեց: Համաձայնագիրը ենթադրում էր զրոյական մաքսատուրքի կիրառում, ինչին իրանական կողմը պատրաստ չէր։ Չի առարկայացել նաև այս այցի ժամանակ հնչեցված Սյունիքի մարզում արդյունաբերական գոտի ստեղծելու հայկական կողմի գաղափարը։ Այն ենթադրում էր համատեղ ձեռնարկությունների հիմնում Սյունիքում։ «Այդպիսի գոտու ստեղծումն առավել արդյունավետ կդարձնի (Հայաստան-Իրան) երկաթգծի կառուցման աշխատանքները, քանի որ մասնավոր հատվածի համար կլինի լրացուցիչ խթան՝ ներդրումներ կատարելու երկաթգծի կառուցման աշխատանքներում»,– Թեհրանում հայտարարել էր վարչապետը։

Քննարկել քննարկելու համար
Անցած տարի դեկտեմբերին Երևանում Հայաստանի և Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Մահմուդ Ահմադինեժադը համապատասխան նախարարություններին հանձնարարել էին հաջորդող վեց ամիսների ընթացքում գործադրել բոլոր ջանքերը՝ Արաքս գետի վրա հէկերի, Հայաստան-Իրան երկաթգծի և Թավրիզ-Երասխ նավթատարի կառուցման ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու համար: Նշենք, սակայն, որ այդ ծրագրերն առ այսօր շարունակում են մնալ թղթի վրա։

Նշենք նաև, որ Մեղրիի հէկի, Թավրիզ-Երասխ նավթամթերքատար խողովակաշարի, Իրան-Հայաստան 400 կՎտ հզորությամբ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի կառուցման ծրագրերը Հայաստանը և Իրանը քննարկում են մոտ հինգ տարի։ Քննարկման փուլում է նաև երկու երկրների երկաթուղային համակարգերի միացման ծրագիրը։

Եթե մոտ $1,8 մլրդ արժողությամբ և 380 կմ երկարությամբ երկաթուղային նախագծի իրականացումը պայմանավորված է առավելապես հայկական կողմի գործողություններով (ֆինանսավորման աղբյուրների հայթայթում), ապա մյուս երեք ծրագրերը կախված են Իրանի ֆինանսական կարողություններից։ Հենց իրանական կողմը պետք է ֆինանսավորի երեք այս նախագծերի ընդհանուր առմամբ մոտ $600 մլն գնահատված ներդրումները։

Այսպես՝ Արաքս գետի վրա 130 ՄՎտ դրվածքային հզորությամբ և $323 մլն արժողությամբ Մեղրիի հէկի կառուցման ծրագիրը պետք է իրականացվեր «կառուցում-տնօրինում-շահագործում-փոխանցում» սխեմայով։ Իրան-Հայաստան 400 կՎտ հզորությամբ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի և «Նորավան» ենթակայանի կառուցումը (շինաշխատանքները գնահատվել են €107,9 մլն) նույնպես պետք է իրականացվեր իրանական վարկային միջոցներով։ Իրանը պետք է 50% մասնաբաժնով մասնակցություն ունենար նաև Թավրիզ-Երասխ նավթամթերքի տեղափոխման խողովակաշարի նախագծում, որում ներդրումները գնահատվել էին $180 մլն։

Հատկանշական է, որ հայկական կողմը բանակցում էր երկրորդ կեսը նույնպես իրանական վարկի միջոցով ֆինանսավորելու շուրջ։

Եթե նախորդ տարիներին այս ծրագրերը կյանքի կոչելը բավական իրատեսական էր, այսօր դրանց ապագան բավական մշուշոտ է։

Իրանական նավթի ներկրման էմբարգոյի ու երկրի նկատմամբ ֆինանսական պատժամիջոցների պայմաններում Թեհրանն ինքն է զգում ֆինանսական միջոցների սղություն։ Իրատեսություն չի ավելացնում նաև այն, որ նախագծերն առաջին հերթին բխում են Հայաստանի տնտեսական շահերից։

Մեկնաբանել