Մինչև ե՞րբ են մեր երեխաները զոհվելու

Մի քանի օր առաջ հակառակորդի կրակոցից Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում սպանվել էին երեք պայմանագրային հայ զինծառայողներ:

Ավելի վաղ ադրբեջանական զինված ուժերը կրակ էին բացել Տավուշի մարզի սահմանային գյուղերից մեկի ուղղությամբ: Ռմբակոծության հետևանքով վնասվել էր գյուղի մանկապարտեզի շենքը, երեխաները տարհանվել էին: Անցնող շաբաթվա ընթացքում ԼՂ-Ադրբեջան սահմանի երկայնքով հրադադարը խախտվել է շուրջ 500 անգամ: Չափազանց անհանգիստ էր նաև Հայաստան-Ադրբեջան սահմաններում:

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաև Ադրբեջանը ավելի քան քսան տարի ապրում են պատերազմով: 1994թ. մայիսին հաստատված անժամկետ հրադադարից հետո հակամարտության մեջ ներքաշված կողմերը տվել են շուրջ 3000 զոհ: Սա նշանակում է, որ ղարաբաղյան պատերազմը չի ավարտվել և այն շարունակվում է այլ ռեժիմով:

Բայց մինչև ե՞րբ է այսպես շարունակվելու:
Վերջերս իմ լավ բարեկամներից մեկը, որ բնակվում է Վաշինգտոնում, ասաց, որ եթե Հայաստանին ու Արցախին հաջողվի առաջիկա տասնամյակներում պահպանել ստատուս քվոն և դրա համար «վճարել» տարեկան մինչև 50 հայ զինվորների կյանքով, ապա ավելի լավ է ստատուս քվոյի ու «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակի պահպանումը, քան հակամարտության կարգավորումը, որը ենթադրում է տարածքային զիջումներ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց:

Երբ ես իմ բարեկամին հարցրի՝ իսկ ես ու դու պատրա՞ստ ենք, որ տարեկան այդ հիսուն սպանվողների մեջ լինեն նաև մեր երեխաները, նա պատասխանեց մոտավորապես այսպես. «Կյանքը դաժան բան է, մեր երեխաները կարող են սպանվել խաղաղ պայմաններում՝ սահմանից ու հակառակորդի դիպուկահարից հեռու»:

Տրամաբանությունը հասկանալի է: Կարելի է այլ օրինակներ բերել, գուցե ոչ այնքան տեղին: Այսպես՝ ամերիկացի ու բրիտանացի զինվորները սպանվում են Աֆղանստանում: Մինչ այդ նրանք սպանվում էին Իրաքում: Այդ զինվորները, որոնք ունեին հայրեր ու մայրեր, քույրեր ու եղբայրներ, լայն հաշվով պաշտպանում էին ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի շահերը: Հորադիզում, Մարտակերտում ու Նոյեմբերյանում կանգնած քսանամյա մեր տղան ևս պաշտպանում է Հայաստանի ու Արցախի շահը:

Բայց Հայաստանի դեպքում մի մեծ «բայց» կա:
Յուրաքանչյուր պետություն, եթե ուզում է հարատևություն և անկախություն, դրա համար վճարում է: Այն ազգերն ու պետությունները, որոնք պատրաստ չեն անկախության և հողապահպանության համար համապատասխան գին վճարել, նրանք հեռանում եմ պատմության թատերաբեմից:

Հայ ժողովուրդը շատ լավ է հասկանում անկախության և հողապահպանության գինը և դրա դիմաց վճարել է անցնող երկու տասնամյակներում:

Վաշինգտոնում բնակվող իմ բարեկամն իրավունք ունի մտածել, որ տարեկան հիսուն երիտասարդի կյանքով արժե պահպանել ստատուս քվոն, եթե այդ ստատուս քվոն ամրապնդվում է այլ միջոցառումներով: Օրինակ, եթե Հայաստանի ու Արցախի բնակչությունը ամեն տարի ավելանում է տասը հազարով և ոչ հակառակը; Հայաստանի ու Արցախի սահմանային գյուղերն ամեն տարի շենանում ու բարգավաճում են և ոչ հակառակը; Հայաստանն ու Արցախը տարին տարվա վրա ավելի արդար, սոցիալապես ապահով պետություններ են դառնում և ոչ հակառակը:

Բայց այստեղ մեկ այլ հարց է առաջ գալիս: Լա՛վ, ի՞նչ անենք: Այն զիջումները, որ խոստացել են Հայաստանի երեք նախագահները, կարող էին հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար ապահովել արժանապատիվ խաղաղություն: Ադրբեջանն է, որ ուզում է ամեն ինչ՝ լինելով պատերազմում պարտված կողմը:

Այս «ինչ անենքի» պատասխանը ես էլ չունեմ, ինչպես չունի Հայաստանի ու Արցախի բնակչության մեծ մասը: Բոլորիս համար մեկ այլ բան է ակնհայտ՝ որքան էլ պաշտոնյաներն ու վիճակագիրները, անպատասխանատու և «ուռա» հայրենասերները հակառակն ասեն. Հայաստանն ու Արցախը տարին տարվա վրա կորցնում են հիմնական ուժը՝ հայ մարդուն, հայ ընտանիքին՝ սահմանի պաշտպանության համար զինվոր ուղարկող ծնողներին:

Մեկնաբանել