ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորել է Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը, ուղերձում ասված է. «Հարգելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Աշխատանքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ խաղաղ և ստեղծագործ աշխատանք։ Այս տոնը կոչված է մեծարելու արդար աշխատանքն ու աշխատավորին, նպաստելու աշխատողի իրավունքների պաշտպանությանը:

Այսօր մեր երկրի աշխատավորները աշխատանքի շուկայի բարելավման և աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորման կարիք ունեն։ Թեև 2010թ. հունիսի 24-ի «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման արդյունքում օրենսգրքի որոշ դրույթներ համապատասխանեցվեցին Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաների և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին, այդուհանդերձ, առկա են մի շարք օրենսդրական բացեր, որոնք հանգեցնում են աշխատողների իրավունքների խախտումների: Այսօր դեռևս կարգավորված չէ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների հետևանքով անձի կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման հարցը, բազմաթիվ են առանց աշխատանքային պայմանագիր կնքելու անձանց աշխատանքի վերցնելու, աշխատավարձ չվճարելու, աշխատանքից կամայական ազատելու, վերջնահաշվարկ չկատարելու, արձակուրդի համար չվճարելու դեպքերը: Աշխատողների իրավունքների պաշտպանության իրականացման գործում մեծ է հատկապես արհեստակցական միությունների դերը և նշանակությունը, հետևապես անհրաժեշտ է համապատասխան քայլեր ձեռնարկել արհմիությունների կայացմանն ու զարգացմանն ուղղված»:

Մեկնաբանել