Խունտայի ներկայացուցիչը ազգային հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ «սահմանադրական կարգի անցման գործընթացի ապակայունացմանն» ուղղված հարձակումներից հետո Բամակոյում «իրադրությունը կարգավորվել է»։ Նա տեղեկացրել է, որ իրականացվել են ձերբակալություններ, և որ հեղաշրջման փորձի բոլոր մասնակիցները «կհայտնաբերվեն ու պատասխանատվության կենթարկվեն»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մալիի նախկին նախագահ Ամադու Թումանի Թուրեի անձնական գվարդիայի զինվորները փորձել են զինվորական խունտայից վերցնել մայրաքաղաքի օդանավակայանը և շրջափակել են նրանց հրամանատարական կենտրոն Կատին։ Բամակոյից Կատի տանող ճանապարհը որոշ ժամանակով հայտնվել է պաշտոնանկ արված նախագահի կողմակիցների վերահսկողության տակ։ Նրանց նաև հաջողվել է ժամանակավորապես գրավել Բամակոյի հեռուստակենտրոնի շենքը։
Այս տարվա մարտի 22-ին Մալիի տեղի էր ունեցել զինվորական հեղաշրջում, որի արդյունքում պաշտոնանկ էր արվել նախագահ Ամադու Թումանի Թուրեն։ Օգտվելով երկրում տիրող անկայուն վիճակից՝ տուարեգների ցեղերը ապստամբել էին, գրավել Մալիի հյուսիսի խոշոր քաղաքները և հայտարարել սեփական անկախ պետության ստեղծման մասին։ Ապրիլի 5-ին խունտայի առաջնորդ Ամադու Սանոգոն իշխանությունը ժամանակավոր քաղաքացիական նախագահին փոխանցելու մասին ծրագիր էր ստորագրել, համաձայն որի՝ Մալիի խորհրդարանի նախագահ Դիոնկունդա Տրաորեն նշանակվել էր պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և պարտավորվել 6 շաբաթվա ընթացքում համընդհանուր ընտրությունների անցկացում կազմակերպել։