Նոր «Մարշալի պլան» չկա․ Եվրահանձնաժողով

Ծրագիրը, որ ըստ եվրոպական լրատվամիջոցների, պետք է կրեր «Մարշալի պլան» աշխատանքային անվանումը և մոտ €200 մլրդ արժենար, իրական չէ։  «Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է ԵՄ գործադիր մարմնի գլխավոր պաշտոնական ներկայացուցիչ Պիա Առենկիլդե Հանսենը։ Նրա խոսքով՝ համանման թվերի հրապարկման համար եվրոպական պարբերականները հիմքեր չեն ունեցել։

«Մենք տեսել ենք սպեկուլյատիվ բոլոր տվյալները, որոնք, որքանով մեզ հայտնի է, չեն համապատասխանում իրականությանը»,- ընդգծել է Հանսենը։

Միաժամանակ՝ անդրադառնալով Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտիի հետ հանդիպումից հետո Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզի Մանուել Բառոզուի արած այն հայտարարությանը, որ իրենք ունեն կայուն աճի ծրագիր, Հանսենը նշել է, որ տվյալ դեպքում խոսքը հարկաբյուջետային այլըտրանքային կոնսոլիդացիայի մասին չէ։

Հիշեցնենք, որ երեկ եվրոպական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Եվրահանձնաժողովը ներկայում աշխատում է Եվրամիության երկրների տնտեսություններում ներդրումային խոշոր ծրագրի վրա, որը կարող է մինչև €200 մլրդ արժենալ։ Ծրագրի շրջանակում միջոցները հատկացնելու էին Եվրոպական ներդրումային բանկը և մասնավոր ներդրողները՝ Ֆինանսական կայունության եվրոպական մեխանիզմի երաշխավորմամբ, հաղորդում էին լրատվամիջոցները։