Մաքսային թվաբանություն

Այս տարվա 1-ին եռամսյակում Հայաստան ներկրված ավտոմեքենաների թիվը կրճատվել է 11%-ով՝ կազմելով 6858 մեքենա։ Վերջիններիս մաքսազերծումից ստացված գումարը նվազել է ընդամենը 1%-ով՝ կազմելով մոտ ֌8,2 մլրդ։ Ցուցանիշների «անհամամասնությունը» պայմանավորված է ներկրման կառուցվածքի փոփոխությամբ՝ հօգուտ հին ու թանկարժեք մեքենաների։

Ի տարբերություն 2011թ. հունվար-մարտի՝ այս տարվա 1-ին եռամսյակում Հայաստանում նվազել է ռուսական արտադրության ավտոմեքենաների գրավչությունը։ Համաձայն Պետեկամուտների կոմիտեի վիճակագրության՝ դրանց ներկրումը կրճատվել է 3,2 անգամ՝ կազմելով ընդամենը 234 մեքենա (մաքսազերծումից ստացվել է ֌245 մլն)։ Մյուս կողմից՝ 2,2 անգամ ավելացել է ռուսական արտադրության ավտոմեքենաների միջին մաքսային արժեքը՝ հասնելով ֌1 մլն-ի։ Նման աճը պայմանավորված է նրանով, որ եթե անցած տարի ներկրվել են առավելապես թեթև մարդատար ավտոմեքենաներ, ապա այս տարի գերակշռել են միկրոավտոբուսներն ու բեռնատարները։

Ուշագրավ է, որ թեև ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում ներկրված ավտոմեքենաների թիվը կրճատվել է 11%-ով, դրանց մաքսազերծումից ստացված գումարը նվազել է ընդամենը 1%-ով՝ կազմելով մոտ ֌8,2 մլրդ։ Ներկրված ավտոմեքենաների 846-ով կրճատման պայմաններում մաքսազերծումից ստացված գումարների միայն աննշան կրճատումը պայմանավորված է ներկրման կառուցվածքի փոփոխությամբ։

Հնի խթանում
Ընդհանուր ներկրումներում «էժան» ավտոմեքենաների (մինչև $5 հազ. արժեքով) տեսակարար կշիռն ավելացել է 55,2%-ով (3,8 հազ. ավտոմեքենա), «թանկ» մեքենաներինը ($30 հազ-ից բարձր արժեքով)՝ 8,3%-ով (567 մեքենա)։ Նշենք, որ երկու այս կատեգորիաներում էլ ներկրման ավելացումը բխել է բյուջեի շահերից։ Ըստ այսօր գործող մաքսային կարգերի՝ մինչև 5 տարեկան մեքենաների մաքսազերծման գումարը կազմում է մեքենայի մաքսային արժեքի 32%-ը, մինչև 10 տարվա մեքենաներինը՝ 34%-ը, 11-15 տարվա մեքենաներինը՝ 42%-ը, իսկ 15 տարուց ավելի մեքենաներինը՝ 52%-ը։

2007թ., երբ հին ավտոմեքենաների համար բարձր բնապահպանական վճարներ էին սահմանվում, նշվում էր, որ այդ քայլն ուղղված է ներքին շուկան այդպիսի մեքենաներից պաշտպանելուն։ Սակայն, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, բնապահպանական վճարներն իրականում խթանել են հին ավտոմեքենաների ներկրումը։ Եթե բարձր բնապահպանական տուրքերը որոշակի կանխարգելիչ գործառույթ են ունեցել 2007-2008 թթ., ապա արդեն 2010-ից սկսած՝ հին ավտոմեքենաների ներկրումը կրկին սկսել է գերակշռել։

Այսպես, եթե 2007թ. ընդհանուր ներկրումներում մինչև $5 հազ. արժեքով մեքենաների մասնաբաժինը (տարիքը գերազանցում է 10 տարին) կազմել է 40%, ապա անցած տարի՝ արդեն 54,3%։ Հին ավտոմեքենաների ներկրման ավելացումը պայմանավորված է նրանով, որ 2009թ. ճգնաժամից հետո բնակչության եկամուտները նվազել են, իսկ մասքազերծման տուրքերն անփոփոխ են մնացել։

Հետաքրքրական է, որ եթե հաշվի չենք առնում անցած տարվա 1-ին եռամսյակում կառավարության վարկավորման ծրագրով մաքսազերծված վրացական պետհամարանիշներով 1516 ավտոմեքենաները, որոնք իրականում չեն ներկրվել և դե ֆակտո արդեն շահագործվել են Հայաստանի տարածքում, ապա այս հունվար-մարտին, անցած տարվա 1-ին եռամսյակի համեմատ, ներկրված ավտոմեքենաների թիվն իրականում ավելացել է մոտ 10%-ով կամ 670 մեքենայով։