Բյուջեի հարկային մուտքերում մեծացել է ուղղակի հարկերի մասնաբաժինը

Այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտները կազմել են Դ186,8 մլրդ, ծախսերը՝ Դ187 մլրդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետբյուջեի եկամուտներն աճել են 4,4%-ով կամ Դ7,9 մլրդ-ով, ծախսերը՝ 2,9%-ով կամ Դ5,4 մլրդ-ով։

Պետբյուջեի եկամուտներն աճել են հիմնականում հարկային մուտքերի ավելացման հաշվին: 2012թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են շուրջ Դ147,3 մլրդ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 5,2%-ով կամ Դ7,3 մլրդ-ով։

Ըստ Հայաստանի ֆինանսների նախարարության 2012թ. հունվար-մարտին պետբյուջեի կատարողականի հաշվետվության՝ նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ այս տարվա առաջին եռամսյակում աճ է արձանագրվել գրեթե բոլոր հարկատեսակների գծով։ Այդուհանդերձ, համաձայն հաշվետվության, հարկային եկամուտների աճն հիմնականում ապահովել են ուղղակի հարկատեսակները։ Բյուջեի հարկային մուտքերի 15,5%-ը (Դ22,8 մլրդ) ձևավորվել է շահութահարկի հաշվին, 13,6%-ը՝ (Դ20,1 մլրդ) եկամտահարկի. հավաքագրված հավելյալ Դ7,3 մլրդ հարկերի 62%-ը բաժին է ընկել երկու այս հարկատեսակներին։

Ուղղակի հարկատեսակների գծով հավաքագրման աճը նպաստել է, որ հարկային եկամուտներում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 1,4 տոկոսային կետով նվազի ավելացված արժեքի հարկի մասնաբաժինը (կազմել է 47,7%)։ Այս տարվա առաջին եռամսյակում ԱԱՀ-ի գծով գանձումներն ավելացել են Դ1,5 մլրդ-ով՝ կազմելով Դ70,2 մլրդ։

Ուղղակի հարկերի մասով պետբյուջեի մուտքերի աճը զգալի մի մասով ապահովվել է բանկային համակարգը։ Խնդիրն այն է, որ բանկերը տարվա ընթացքում կատարում են շահութահարկի կանխավճարներ: Ըստ «Շահութահարկի մասին» օրենքի՝ կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի 18,75%-ի չափով՝ յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ։

Թեև օրենքի այս դրույթը տարածվում է բոլոր ռեզիդենտների վրա, սակայն ի տարբերության այլ տնտեսավարողների, բանկերի հարկային պարտավորությունների մոտ 90%-ը ուղղակի հարկեր են։

Նշենք, որ անցած տարի բանկային համակարգն ապահովել է Դ43 մլրդ-ի մաքուր շահույթ, որը 2010-ի համեմատ ավելի է 27,6%-ով (Դ9,3 մլրդ-ով)։ Սա նշանակում է, որ այս տարվա առաջին եռամսյակում ավելացել է նաև բանկերի կողմից վճարված շահութահարկի կանխավճարների ծավալը։ Բացի այդ՝ եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարից, ապա հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե մինչև ապրիլի 25-ը։

Բացի այդ՝ բանկերն շարունակում են ընդլայնվել։ Միայն անցած տարի բանկերի մասնաճյուղերի թիվն ավելացել է 32-ով, ինչը նշանակում է նաև աշխատակիցների թվի և հետևաբար՝ վճարվող եկամտահարկի աճ։ Նշենք, որ պետբյուջեի հարկային մուտքերի մոտ 2%-ը բաժին է ընկնում բանկային համակարգին։

Մեկնաբանել