Շոտլանդիայի լաբիրինթոսները կառուցվել են բուրգերից առաջ

Վերջերս շոտլանդացի հնագետները հայտնաբերել են, որ ժամանակակից Բրիտանիայի հնագույն բնակիչները ստորգետնյա լաբիրինթոսներ են կառուցել հինգ հազար տարի առաջ, այսինքն` Գիզայի եգիպտական բուրգերից 250 տարի առաջ:

Այս կառույցները հայտնաբերվել են Շոտլանդիայի հյուսիսում`Օրքնեյան կղզիներում:

Հնագիտական հետազոտությունների Օրքնեյան կենտրոնի տնօրեն Նիք Քարդի խոսքով` «ամենայն հավանականությամբ, Օրքնեյան կղզիները բազմաթիվ գաղտնիքներ են պարունակում, որոնց բացահայտումը կարող է օգնել ավելի լավ հասկանալու նեոլիթի դարաշրջանի մարդկանց մշակույթը»:

Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ Օրքնեյան կղզիների հնագույն բնակիչների կենցաղում տարածված էին բավականին մեծ քարե պալատներ, որոնց շինարարության ժամանակ բետոնային լուծույթի փոխարեն օգտագործվել է սովորական ցեխը: Նոր լազերային սարքավորումների օգնությամբ հայտնաբերվել է 3,8մ բարձրությամբ դամբարան, որն իրենից ներկայացնում է 11 մետրանոց միջանցք: Այս վայրն արդեն մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի  ժառանգության ցուցակի մեջ, սակայն դեռևս մինչև վերջ ուսումնասիրված չէ:

Նշենք, որ ավելի վաղ` շոթլանդացի հետազոտողները հայտնաբերել էին ճարտարապետական մի համալիր, որը «տարիքով» գերազանցում է հանրահայտ Սթոունհենջը: Վարկածներից մեկի համաձայն` այս համալիրը կարող էր լինել այն մոդելը, որն օգտագործվել է Սթոունհենջի շինարարության ժամանակ: