Կբացվի «Լեոնարդո դա Վինչի. անատոմ» ցուցահանդեսը

«Լեոնարդո դա Վինչի. անատոմ» խորագրով ցուցահանդեսը, որը կբացվի մայիսի 4-ին Բուքինհեմյան պալատում, մարդու մարմնակազմության թեմայով աշխատանքների խոշորագույն ցուցադրությունն է: Իտալացի հանճարի այս աշխատանքները 300 տարվա ընթացքում թղթապանակում փակված են եղել:

Փորձագետների կարծիքով` դա Վինչիի այս նկարները կարող էին փոխել դրանցից առաջ գոյություն ունեցող անատոմիայի եվրոպական ընկալումը:

1489-1513 թթ. գիտնականները մանրակրկիտ ուսումնասիրել են մարդու ոսկրերը, մկաններն ու ներքին օրգանները: 1519թ. Լեոնարդո դա Վինչիի մահվան պահին նրա անատոմիական հետազոտությունները գտնվում էին մի շատ անկազմակերպ նկարչի անձնական փաստաթղթերի մեջ, և այդ պատճառով միանգամից չեն հրապարակվել:

Լեոնարդոն իր գրառումների տետրն ու նկարները ժառանգել է իր երիտասարդ օգնականին` Ֆրանչեսկո Մելցիին, որը մահացել է 1570թ.: Նույն թ-ին` Մելցիի մահից հետո, նրա որդին վաճառել է այս նկարները մի իտալացի նկարչի և քանդակագործի` Պոմպեո Լեոնիին, որը հավաքագրել է այս աշխատանքները մի ալբոմի մեջ: Լեոնին իր անունը ոսկե տառերով գրել է ալբոմի շապիկի վրա` Լեոնարդոյի անվան հետ միասին` «Լեոնարդո դա Վինչիի նկարներ. պահպանել է Պոմպեո Լեոնին»:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Մարտին Կլեյտոնն ասել է, որ Լեոնիի ալբոմը «Լեոնարդո դա Վինչիի անատոմիական նկարների 500-ամյա պատմության չափազանց կարևոր մասն է»: Կլեյտոնը տեղեկացրել է, որ այս գիրքը 300 տարվա ընթացքում անհասանելի էր գործնական նպատակների համար, այն, կարծես, թաղված էր, և հրապարակվել է միայն 1900-ին: