Փողը փոխում է կառուցվածքը


Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում բանկային համակարգում ավանդների ծավալը կրճատվել է 0,8%-ով՝ մարտի վերջին կազմելով ֌1,014 տրլն (2011թ. դեկտեմբերի վերջին ավանդների ծավալը ֌1,023 տրլն էր)։

Նույն ժամանակահատվածում բանկերի վարկային պորտֆելն աճել է 6,7%-ով կամ ֌85 մլրդ-ով՝ մարտին հասնելով ֌1,354 տրլն-ի։ Ընդ որում՝ ավանդների դոլարիզացիայի մակարդակը նահանջել է 2,2-տոկոսային կետով, արտարժութային վարկերի տեսակարար կշիռն ավելացել է 1,5-տոկոսային կետով։

Կենտրոնական բանկի վիճակագրական տվյալները ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում ավանդների կառուցվածքային փոփոխություն են արձանագրել։ Այսպես. եթե անցած տարվա վերջին ավանդների 69,8%-ն արտարժութային էր, ապա մարտի վերջին՝ 67,6%-ը, ինչը նշանակում է, որ ավանդների դոլարիզացիայի մակարդակը նահանջել է 2,2-տոկոսային կետով։ Ցուցանիշը, այդուհանդերձ, շարունակում է բարձր մնալ։

Ուշագրավ է, որ դոլարիզացիայի մակարդակը նահանջել է ի հաշիվ ոչ ռեզիդենտների։ Եթե վերջիններիս արտարժութային ավանդների ծավալը տարվա առաջին երեք ամիսներին կրճատվել է, ապա ռեզիդենտները, ընդհակառակը, ավելացրել են արտարժութային ավանդները։ Մյուս կողմից՝ բանկային համակարգում ոչ ռեզիդենտների ավանդների 93%-ը շարունակում է արտարժութային մնալ (դեկտեմբերին՝ 95%-ը)։

Ոչ ռեզիդենտների արտարժութային ավանդների տեսակարար կշռի նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավանդադրման ժամկետը լրանալուց հետո նրանք միջոցները նախընտրել են դուրս բերել բանկային համակարգից։ Այս մասին է վկայում թերևս այն, որ 2012թ. 1-ին եռամսյակում ոչ ռեզիդենտների ավանդների պորտֆելը բանկային համակարգում կրճատվել է 16%-ով՝ մարտի վերջին կազմելով ֌219 մլրդ։ Ռեզիդենտները, ընդհակառակը, շարունակել են վստահել բանկային համակարգին. նրանց ավանդների պորտֆելն աճել է 4,3%-ով։ Հետաքրքրական է, որ գումարային արտահայտությամբ ռեզիդենտների թե՛ արտարժութային, թե՛ դրամային ավանդներն ավելացել են նույն չափով՝ ֌16 մլրդ-ով։

Շնորհիվ տոկոսադրույքների
Բանկային համակարգում ավանդների կառուցվածքի փոփոխությունը, մասնավորապես դոլարիզացիայի կրճատումը, պայմանավորված է հիմնականում տոկոսադրույքների փոփոխությամբ։ Այսպես. եթե դեկտեմբերին մեկ տարուց ավելի ժամկետով դրամային միջոցները բանկերը ներգրավում էին 11,06% միջին տոկոսադրույքով, ապա մարտին՝ արդեն 11,67%-ով։ Բանկերը մարտին դոլարային միջոցներ ներգրավել են 7,55% միջին տոկոսադրույքով, այն դեպքում, երբ դեկտեմբերին 7,9% են առաջարկել։

Դրամային ավանդի միջին տոկոսադրույքի 0,61-տոկոսային կետով բարձրացումը, ըստ էության, պայմանավորված է ներգրավված միջոցների պահուստավորման նորմատիվների փոփոխությամբ։ Անցած տարի ԿԲ-ն փոփոխություններ է կատարել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները. կանոնակարգ-2» փաստաթղթում (ուժի մեջ է 2011թ. դեկտեմբերի 8-ից), ըստ որի՝ բանկերի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց ԿԲ-ում պարտադիր պահուստավորումը (ներգրավված միջոցների 12%-ը) իրականացվում է միայն դրամով (մինչ այս 9%-ը՝ դրամով, 3%-ը՝ արտարժույթով)։

Ելնելով նորմատիվի պահանջներից՝ բանկերը դրամ ներգրավելու խնդիր ունեն, ինչը բավարարելու համար նախընտրել են ոչ թե փոխանակել արտարժույթը, այլ պարզապես շուկայից միջոցներ ներգրավել բարձր տոկոսադրույքներով։

Վարկերը դոլարիզացվում են
Բանկերի համար ազգային արժույթով արտահայտված միջոցների թանկացումը հանգեցրել է ընդհանուր վարկային պորտֆելում արտարժութային վարկերի տեսակարար կշռի ավելացման։

Ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում բանկերի վարկային պորտֆելն աճել է 6,7%-ով կամ ֌85 մլրդ-ով՝ մարտի վերջին կազմելով ֌1,354 տրլն։ Պորտֆելն աճել է հիմնականում  արտարժութային վարկերի հաշվին (ծավալն ավելացել է ֌73 մլրդ-ով)։

Բանկերի կողմից արտարժույթով վարկավորումը հանգեցրել է վարկային պորտֆելի դոլարիզացիայի ավելացման։ Այսպես. եթե դեկտեմբերի վերջին բանկերի վարկային պորտֆելում արտարժութային վարկերի մասնաբաժինը 61% էր, ապա այս տարվա երեք ամիսներին ցուցանիշն ավելացել է 1,5-տոկոսային կետով՝ մարտի վերջին հասնելով 62,5%-ի։

Նշենք, որ արտարժութային վարկերն ամբողջությամբ տրամադրվել են ձեռնարկություններին։ Եթե հաշվի առնենք, որ դրանց մի մասն արտահանման ուղղվածություն ունի, համաշխարհային շուկայում գների տատանումները կարող են ռիսկեր ստեղծել վարկերի սպասարկման առումով։ Ներքին շուկայում կենտրոնացած ձեռնարկությունների արտարժույթով վարկավորումը ևս արժութային ռիսկեր է պարունակում, եթե հաշվի ենք առնում դրամի արժեզրկման գործոնը։ Վերջինս, իր հերթին, հղի է գնաճային ռիսկերով։

Չնայած առկա ռիսկերին՝ բանկային տոկոսադրույքները տնտեսավարողներին ստիպել են օգտվել համեմատաբար «էժան» ռեսուրսից։
Նշենք, որ մարտին մեկ տարուց ավելի մարման ժամկետով արտարժութային վարկերը դրամային վարկերից 5,8%-ով ավելի էժան էին (դոլարային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 12,17%)։ Եթե դեկտեմբերին մեկ տարուց ավելի մարման ժամկետով դրամային վարկի միջին տոկոսադրույքը 17,92% էր, ապա մարտին՝ 17,94%։ Եվ սա այն դեպքում, երբ դոլարային վարկերի տոկոսադրույքը դեկտեմբերի 12,5%-ից մարտին նվազել էր մինչև 12,17%։

Հայաստանի տնտեսության արտարժութային վարկավորման աճի բացասական ազդեցության մասին մատնանշել են միջազգային ֆինանսական կառույցները, մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրասիական զարգացման բանկը։