Ամեն ինչ՝ նախագահի մակարդակով

Երևանի Մաշտոցի այգու խնդիրը կարծես թե հանգուցալուծվում է հօգուտ բնապահպանների: Հանգուցալուծման փորձ արել է Սերժ Սարգսյանը: Նա հորդորել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին օրենքի շրջանակում լուծել տեղադրված կրպակների ապամոնտաժման հարցը:

Սերժ Սարգսյանի այս մոտեցումը միանշանակ ողջունելի է: Սակայն խնդիրն այստեղ վերաբերում է ոչ այնքան որոշման արդարացիությանը, որքան որոշումների կայացման մեխանիզմին: Փաստորեն Սերժ Սարգսյանը մի քանի րոպեի ընթացքում կարողանում է հանգուցալուծել մի խնդիր, որի լուծումը մի քանի ամիս չէին կարողանում գտնել տեղական ինքնակառավարման մարմիններն ու ոստիկանությունը: Կասկած չկա, որ Տարոն Մարգարյանը կլսի Սերժ Սարգսյանի հորդորը, և կրպակները կապամոնտաժվեն: Նախագահը, հավանաբար չցանկանալով նեղացնել Տարոն Մարգարյանին ու բնապահպանների նկատմամբ բռնություն թույլ տված ոստիկաններին, հայտարարել է, որ նրանց գործողությունները օրինական են և ամեն ինչ մինչև հիմա ճիշտ են կատարել:

Կրպակները ապամոնտաժելու Սերժ Սարգսյանի հրահանգի համար, ըստ պաշտոնական հաղորդագրության, հիմք է ծառայել այն հանգամանքը, որ կրպակները «աչք շոյող չեն»:  

ՀՀ նախագահի այս մոտեցումը առավել ակնհայտ է դարձնում, որ Հայաստանը հիմնականում չի կառավարվում օրենքներով, և կարևորագույն խնդիրները լուծվում են բարձրաստիճան ղեկավարության կամքի և ցանկությունների միջոցով: Օրենքի գերակայություն ունեցող երկրում կրպակների կամ շենքերի աչք շոյող-չշոյող լինելը որոշում են համապատասխան պետական մարմինները: Ենթադրենք՝ այդ կրպակները շատ էլ «աչք շոյող են», ի՞նչ է՝ այդ դեպքում պետք է մնայի՞ն պուրակում: Սերժ Սարգսյանի այս մոտեցումը որքան ողջունելի, այնքան էլ վտանգավոր է: Չի կարելի երկրում հասարակության համար կարևոր խնդիրների լուծումը հասցնել երկրի նախագահի մակարդակի: Այն դեպքում, երբ գոյություն ունեն օրենքներ ու դատարաններ, որքանո՞վ է օրինաչափ, որ նախագահի մակարդակով լուծվի մի խնդիր, որն ընդամենը տեղական ինքնակառավարման մարմնի գործառույթների տիրույթում է: Սերժ Սարգսյանը վերացրեց համակարգային սխալի հետևանքները և ոչ՝ պատճառները:

Վերջապես, եթե նախագահի այս քայլը որևէ ենթատեքստ չունի, ինչո՞ւ է նա գործին խառնվում խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ: Կարելի էր, չէ՞, կրպակաների «աչք չշոյող» լինելը նկատել շատ ավելի վաղ: