S&P-ն իջեցրել է Թուրքիայի վարկանիշի կանխատեսումը

S&P միջազգային վարկանշային գործակալությունը նաև հաստատել է ազգային սանդղակով վարկանիշները trAA+/trA-1 մակարդակում։

«Արտաքին պահանջարկի անկումը և առևտրային պայմանների վատթարացումը հզորացնում են Թուրքիայի վարկունակության ցուցանիշներին սպառնացող ռիսկերը՝ գումարած նաև արտաքին մեծ պարտքը»,- ասված է գործակալության հաղորդագրության մեջ։ Այս ֆոնին որոշում է ընդունվել երկրի սուվերեն վարկանիշի կանխատեսումը վերանայել, որն առաջիկա 12 ամսում, ամենայն հավանականությամբ, կշարունակի մնալ ընթացիկ մակարդակում։

Բացի այդ՝ S&P-ն նշում է նաև բնակչության մեկ շնչին բաժին ընկնող եկամտի ոչ բարձր մակարդակը (2011թ.՝ $9800), ինչը զիջում է երկրի՝ համանման սուվերեն վարկանշում ունեցող առևտրային գործընկերների համապատասխան վարկանիշը։ Տնտեսական ռիսկերը հզորացնում է նաև 2010-2011 թթ. վարկավորման բումը։

S&P-ում համոզված են, որ Թուրքիայի կառավարությունը կկարողանա մինչև 2015թ. պետպարտքի ցուցանիշը հասցնել ՀՆԱ-ի 35% մակարդակին՝ չնայած տնտեսության աճի տեմպերի դանդաղմանը։ ««Կայուն» կանխատեսումն արտացոլում է մեր տեսակետը, որի համաձայն՝ թուրքական տնտեսության հանգուցային ռիսկերն առաջիկա տարում կշարունակեն վերահսկվել»,- նշում են գործակալության փորձագետները։

Էներգետիկայի, կրթության և սոցիալական ոլորտում կառուցվածքային բարեփոխումների անկացման դեպքում S&P-ն հնարավոր է համարում Թուրքիայի նկատմամբ վարկանշային դրական գործողությունների ձեռնարկումը։ Համանման կերպով գործակալությունը կարձագանքի երկրի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների աճին։ Մյուս կողմից՝ արտաքին թույլ պահանջարկի և նավթի ներկրման բարձր գների պահպանման դեպքում երկրի առևտրային հաշվեկշռի ցուցանիշները կվատթարանան, ինչը կհանգեցնի երկրի վարկունակության թուլացմանը և լրացուցիչ ճնշում կգործադրի վարկանիշների վրա։